Կրծքավանդակային կամ սրտի շրջանի ցավը պերիկարդիտի ամենատարածված ախտանիշն է:
Այն սովորաբար ծակող կամ դանակահարող բնույթի է: Սակայն, որոշ մարդիկ նշում են բութ, ձգձգվող կամ ճնշող բնույթի կրծքավանդակային ցավ:
Պերիկարդիտային ցավն առավել հաճախ զգացվում է կրծքավանդակի կենտրոնում՝ կրծոսկրի ետևում կամ ձախ կողմում: Ցավը կարող է՝
- տարածվել դեպի ձախ ուս և պարանոց կամ երկու ուսեր
- ուժգնանալ հազալիս, պառկելիս կամ խոր շունչ քաշելիս
- թեթևանալ նստելիս կամ առաջ թեքվելիս:
Պերիկարդիտի այլ ախտանիշներից են՝
- չոր հազ
- հոգնածություն, ընդհանուր թուլություն կամ վատառողջ լինելու զգացողություն
- ոտքերի կամ ոտնաթաթերի այտուցվածություն
- ցածր աստիճանի ջերմություն
- որպես բաբախում զգացվող սրտազարկ, որը նաև կոչվում է սրտխփոց
- պառկած վիճակում շնչարգելություն և հևոց
- որովայնի այտուցվածություն:
Առանձնահատուկ ախտանիշները կախված են պերիկարդիտի տեսակից: Ըստ ախտանիշների բնույթի և դրանց տևողության պերիկարդիտը խմբավորված է տարբեր դասերի:
- Սուր պերիկարդիտը սկսվում է հանկարծակի, բայց տևում է չորս շաբաթից ոչ ավելի: Դրանից հետո ևս կարող են առաջանալ սրացման դրվագներ: Հնարավոր է, որ սուր պերիկարդիտը դժվար լինի տարբերակել սրտամկանի ինֆարկտի առաջացրած ցավից:
- Կրկնվող (ռեկուրենտ) պերիկարդիտն առաջանում է սուր պերիկարդիտի նոպայից մոտ 4-6 շաբաթ անց: Այս միջակայքում որևէ ախտանիշ չի գրանցվում:
- Չդադարող պերիկարդիտը տևում է մոտ 4-6 շաբաթ, բայց ոչ ավելի, քան երեք ամիս: Ախտանիշները շարունակվում են այս ամբողջ ընթացքում։
- Քրոնիկ կոնստրիկտիվ պերիկարդիտը սովորաբար դանդաղ է զարգանում և տևում է երեք ամսից ավելի:
Ե՞րբ դիմել բժշկին
Անմիջապես դիմեք բուժօգնությaն, եթե ունեք կրծքավանդակային ցավի նոր ախտանիշներ:
Պերիկարդիտի ախտանիշներից շատերը նման են սրտի և թոքերի այլ հիվանդությունների ախտանիշներին: Կարևոր է, որ մանրակրկիտ ստուգվեք բժշկի կողմից, եթե ունեք որևէ տեսակի կրծքավանդակային ցավ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024