Skip to main content

Պերիկարդիտն ախտորոշելիս բժիշկը զննում է ձեզ և ձեր ախտանիշների և հիվանդության պատմության վերաբերյալ տալիս որոշ հարցեր (անամնեզ):

Բժիշկը նաև լսում է ձեր սիրտը ստետոսկոպ կոչվող գործիքով: Պերիկարդիտն առաջացնում է ստետոսկոպով լսվող առանձնահատուկ ձայն, որը կոչվում է պերիկարդի քսման աղմուկ: Այս աղմուկն առաջանում է, երբ սիրտը շրջապատող պարկի՝ պերիկարդի երկու թերթիկները քսվում են միմյանց։

Հետազոտություններ

Պերիկարդիտի ախտորոշման կամ նմանատիպ ախտանիշներ առաջացնող վիճակները բացառելու համար ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ հետազոտություններից մեկնումեկը կամ մի քանիսը:

  • Արյան թեստեր. արյան թեստերը սովորաբար նշանակվում են սրտամկանի ինֆարկտի, բորբոքման և վարակի նշանները ստուգելու համար:
  • Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)․ սա արագ և անցավ հետազոտություն է, որը գրանցում է սրտի էլեկտրական ազդանիշները: ԷՍԳ-ն կարող է ցույց տալ, թե ինչպես է սիրտը բաբախում:
  • Կրծքավանդակի ռենտգեն. կրծքավանդակի ռենտգենը կարող է հայտնաբերել սրտի չափի և ձևի փոփոխություններ: Այն կարող է տեղեկացնել, թե արդյոք սիրտը մեծացել է:
  • Էխոսրտագրություն (սրտի էխո). ձայնային ալիքները ստեղծում են շարժվող սրտի պատկերներ: Էխոսրտագրությունը ցույց է տալիս, թե որքան լավ է սիրտը մղում արյունը: Այն նաև կարող է հայտնաբերել որևէ հեղուկի կուտակում սիրտը շրջապատող հյուսվածքում: Հետազոտությունը նաև կարող է պարզել, թե արդյոք ախտահարված սրտապարկն ազդում է սիրտն արյունով լցվելու կամ արյուն մղելու վրա:
  • Սրտի համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում․ սրտի ԿՏ սքանավորումն օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ՝ սրտի և կրծքավանդակի մանրակրկիտ շերտագրեր ստեղծելու համար: Հետազոտությունը կարող է նշանակվել սրտի հաստացում գտնելու համար, որը կարող է լինել կոնստրիկտիվ պերիկարդիտի նշաններից մեկը:
  • Սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)․ այս հետազոտությունն օգտագործում է մագնիսական դաշտեր և ռադիոալիքներ՝ սրտի մանրամասն պատկերներ ստեղծելու համար: Սրտի ՄՌՏ սքանավորումը կարող է ցույց տալ հաստացում, բորբոքում կամ սիրտը շրջապատող բարակ հյուսվածքի այլ փոփոխություններ:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024