Պերիկարդիտի բուժումը կախված է ախտանիշների պատճառներից և դրանց ծանրության աստիճանից:
Թեթև պերիկարդիտը կարող է լավանալ առանց բուժման:
Դեղորայքային բուժում
Պերիկարդիտի ախտանիշները թեթևացնելու համար հաճախ նշանակվում են տարբեր խմբի և ազդեցության դեղամիջոցներ:
- Ցավազրկողներ. պերիկարդիտի ցավը հաճախ կարելի է բուժել՝ օգտագործելով սովորակն ցավազրկողներ, օրինակ՝ Ասպիրին և Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն): Խոսեք ձեր բժշկի հետ նախքան դեղատոմս չպահանջող որևէ դեղամիջոց ընդունելը: Օգտագործեք դրանք այնպես, ինչպես ցուցված են: Երբեմն բժիշկը կարող է նշանակել ուժեղ ցավազրկողներ պերիկարդիտային ուժեղ ցավը թեթևացնելու համար:
- Կոլխիցին (Կոլկրիս, Միտիգարե և այլն)․ այս դեղամիջոցը նվազեցնում է բորբոքումը։ Այն օգտագործվում է հանկարծակի պերիկարդիտի բուժման համար կամ, եթե ախտանշանները կրկնվելու հակում ունեն: Դուք չպետք է Կոլխիցին ընդունեք, եթե ունեք լյարդային կամ երիկամային հիվանդություն: Կոլխիցինը նաև կարող է փոխազդել այլ դեղամիջոցների հետ։ Ձեր բժիշկը կոլխիցին նշանակելուց առաջ ստուգում է ձեր հիվանդության պատմությունը:
- Կորտիկոստերոիդներ. կորտիկոստերոիդներն ուժեղ դեղամիջոցներ են, որոնք ճնշում են բորբոքումը: Կորտիկոստերոիդներ, ինչպիսին է Պրեդնիզոնը, կարող է նշանակվել, եթե պերիկարդիտի ախտանիշները չեն բարելավվում այլ դեղամիջոցներով: Կորտիկոստերոիդներ նաև կարող են նշանակվել, եթե ախտանշանները շարունակում են:
- Իմունոսուպրեսորներ. այս դեղամիջոցները թուլացնում են իմունային համակարգը՝ նվազեցնելու դրա առաջացրած բորբոքումը: Դրանք կարող են նշանակվել, երբ պերիկարդիտի պատճառն այնպիսի մի հիվանդություն է, ինչպիսին է ռևմատոիդ արթրիտը:
- Իմունոմոդուլյատորներ. այս դեղամիջոցները փոփոխում են իմունային համակարգի ակտիվությունը՝ օգնելով բորբոքման վերահսկմանը: Պերիկարդիտի բուժման համար նշանակվող իմունոմոդուլյատորների օրինակներից է ինտերլեյկին 1-ի պաշարիչը (բլոկատոր):
Եթե պերիկարդիտը պայմանավորված է բակտերիալ վարակով, բուժումը կարող է ներառել հակաբիոտիկներ: Սրտապարկի թերթիկների միջև կուտակված ավելցուկային հեղուկը նույնպես կարող է անհրաժեշտ լինել ցամաքեցնել:
Վիրահատություններ կամ այլ միջամտություններ
Եթե պերիկարդիտն առաջացնում է սրտի շուրջ հեղուկի կուտակում, կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն կամ այլ միջամտություն՝ այն դատարկելու համար:
Պերիկարդիտի բուժման վիրահատությունները կամ այլ միջամտությունները ներառում են հետևյալը:
- Պերիկարդիոցենտեզ. այս միջամտությամբ օգտագործվում է ստերիլ ասեղ կամ փոքրիկ խողովակ (կաթետեր) պերիկարդից ավելորդ հեղուկը հեռացնելու համար:
- Պերիկարդի հեռացում, որը նաև կոչվում է պերիկարդէկտոմիա. հնարավոր է, որ անհրաժեշտ լինի հեռացնել պերիկարդի մի մասը կամ ամբողջ սրտապարկը: Սա կատարվում է, եթե սիրտը շրջապատող պարկը կորցնում է իր առաձգականությունը և դառնում է կարծր՝ կոնստրիկտիվ պերիկարդիտի պատճառով:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024