Հարդաշտանադադար. բուժում
05-04-2021
1 րոպե

Հարդաշտանադադարի կամ պերիմենոպաուզայի ախտանիշների մեղմացման համար բժիշկը կարող է նշանակել դեղորայքային բուժում:
- Հորմոնային փոխարինող բուժում. համակարգային (ընդհանուր ազդեցության) էստրոգենային բուժումը, որը նշանակվում է ներքին ընդունման հաբերի, մաշկային սպեղանու, գելի կամ կրեմի ձևով, մնում է հարդաշտանադադարային և դաշտանադադարային ջերմահորդանքների («ջերմային բռնկումների») և գիշերային քրտնոտության ամենաարդյունավետ բուժման տարբերակը: Կախված ձեր անձնական և ընտանեկան անամնեզից, բժիշկը կարող է առաջարկել էստրոգենի այն նվազագույն դեղաչափը, որն անհրաժեշտ է ձեր ախտանիշների մեղմացման համար: Եթե ձեր արգանդը հեռացված չէ, ապա էստրոգենի հետ միասին ձեզ կնշանակվի նաև պրոգեստրին (միայն էստրոգենի օգտագործումը կարող է բարձրացնել թրոբմագոյացման և ինսուլտի ռիսկը): Ընդհանուր ազդեցության էստրոգենը նաև կարող է օգնել ոսկրային հյուսվածքի պաշտպանությանը և կանխարգելել կամ հետաձգել օստեոպորոզի զարգացումը:
- Էստրոգենային ընկալիչների ընտրողական խթանիչներ. սինթետիկ դեղամիջոցներ են, որոնք խթանում են էստրոգենային ընկալիչները: Ավելի հաճախ նշանակվում են Ռալոքսիֆենը և Տամոքսիֆենը: Ռալոքսիֆենը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման, իսկ օստեոպորոզով տառապող կանանց մոտ` կոտրվածքների առաջացման ռիսկը:
- Հեշտոցային էստրոգեն. հեշտոցի չորությունը մեղմացնելու համար էստրոգենը նաև կարող է նշանակվել ուղղակիորեն որպես հեշտոցային հաբ, օղակ կամ կրեմ: Այսպիսի դեղաձևերը թույլ են տալիս էստրոգենի խիստ փոքր դեղաչափերով ստանալ ցանկալի արդյունք: Հեշտոցի չորությունը մեղմացնելուց բացի նման բուժումը նաև կարող է օգնել սեռական հարաբերության ժամանակ առաջացող անհարմարավետության կամ ցավի և որոշ միզային ախտանիշների մեղմացմանը:
- Հակադեպրեսանտներ. որոշ հակադեպրեսանտային դեղամիջոցներ, հատկապես սերոտոնինի ետզավթման ընտրողական արգելակիչները (օրինակ՝ Պարօքսեթին) կարող են կրճատել դաշտանադադարային ջերմահորդանքները: Այս դեղամիջոցները օգտակար են հատկապես այն կանանց համար, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ընդունել էստրոգեն կամ ունեն տրամադրության խանգարումներ:
- Գաբապենտին (Նեյրոնտին). Գաբապենտինը համարվում է հակացնցումային դեղամիջոց, սակայն նաև կարող է մեղմացնել ջերմահորդանքները: Այս դեղամիջոցն օգտակար է հատկապես այն կանանց համար, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող ընդունել էստրոգենային բուժում կամ ունեն միգրեն: Կողմնակի ազդեցություններից են գլխացավերը և քնկոտությունը։
Մինչև որևէ տեսակի բուժում ընդունելը զրուցեք բժշկի հետ և երկուսով քննարկեք կոնկրետ դեղամիջոցի օգտագործման օգուտները և վտանգները, այդ թվում՝ կողմնակի ազդեցությունները: Տարեկան մեկ անգամ բժշկի հետ քննարկեք բուժման փոփոխության հարցը, քանի որ ժամանակի հետ ձեր կարիքները և բուժման տարբերակները կարող են փոփոխվել:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022