Skip to main content

Ինքնօգնություն - Պերիֆերիկ զարկերակային հիվանդություն

Առողջ ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել ձեզ կառավարելու ծայրամասային զարկերակների հիվանդության (ԾԶՀ) ախտանիշները և կանխելու դրանց վատթարացումը:

Առողջ ապրելակերպ

Փորձեք այս խորհուրդները:

  • Մի՛ ծխեք. ծխելը վնասում է զարկերակները։ Այն մեծացնում է ԾԶՀ-ի ռիսկը: Եթե ​​ունեք ԾԶՀ, ծխելը կարող է վատթարացնել ձեր վիճակը: Եթե ​​ծխելը թողնելու հարցում օգնության կարիք ունեք, հարցրեք ձեր բժշկին մոտեցումների և դեղամիջոցների մասին, որոնք կարող են օգնել:
  • Կերեք առողջ սննդակարգ. սրտի համար առողջարար սննդակարգը, որը պարունակում է հագեցած ճարպերի քիչ քանակներ, օգնում է վերահսկելու արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը:
  • Խուսափեք մրսածության և սինուսիտի որոշ դեղամիջոցներից. Պսևդոէֆեդրին պարունակող արտադրանքները (Ադվիլ Քոլդ ընդ Սինուս, Սուդաֆետ և այլն) կծկում են արյունատար անոթները և կարող են խորացնել ԾԶՀ-ի ախտանիշները:

Վարժանքներ

Ֆիզիկական վարժանքները ԾԶՀ-ի բուժման կարևոր մասն են: Կանոնավոր վարժանքներն օգնում են օրգանիզմին ավելի լավ օգտագործել թթվածինը և բարելավում են ԾԶՀ-ի ախտանիշները: Երբեմն, վարժանքը, որը կօգնի ձեր առողջության բարելավմանը, կարող է ցավ պատճառել: Բայց մի՛ հուսահատվեք: Շարունակելով վարժանքները՝ դուք կկարողանաք ավելի երկար քայլել առանց ցավի: Ձեր բժիշկը, հավանաբար, կնշանակի վերահսկվող վարժանքների թերապիա՝ մեծացնելու այն հեռավորությունը, որը կարող եք քայլել առանց ցավի:

Գերադասելի ֆիզիկական վարժանքը քայլքն է։ Սովորաբար խորհուրդ է տրվում քայլել այնքան ժամանակ և այնքան երկար, մինչև ոտքերում տեղակայված ցավերը դառնան անդիմադրելի։ Երբ ցավերը սաստկանան, կարող եք հանգստանալ, մինչև ցավերը անհետանան կամ մեղմանան, որից հետո շարունակեք քայլելը։ Այսպիսի «կանգնել-սկսել» մեթոդը կարելի է կիրառել օրվա մեջ այնքան, մինչև քայլելու ժամանակահատվածը դառնա 30 րոպե։ Ֆիզիկական ակտիվության բարձրացնելը առաջին մի քանի օրը կարող է թվալ անիրականանալի, սակայն փորձեք և աստիճանաբար բարելավեք նախորդ օրերի «անձնական ցուցանիշները»։

Ոտնաթաթի խնամք

Ապրելակերպի փոփոխություններից բացի աշխատեք ավելի մեծ ուշադրություն դարձնել ձեր ոտնաթաթերին և ավելի մեծ ժամանակ տրամադրել դրանց խնամքին: ԾԶՀ-ով մարդիկ, հատկապես, եթե նաև դիաբետիկ են, ունեն ոտքերի ստորին հատվածների և ոտնաթաթերի վերքերի և վնասվածքների վատ ապաքինման ավելի մեծ ռիսկ:

Թուլացած արյան հոսքը կարող է հետաձգել կամ կախնել վերքերի լավացումը և բարձրացնել վարակի ռիսկը: Հետևեք ոտնաթաթերի խնամքի հետևյալ խորհուրդներին:

  • Ամեն օր լվացեք և լավ չորացրեք ոտնաթաթերը, ինչպես նաև հաճախակի խոնավացրեք մաշկը, որ կանխարգելեք ճաքերը, որոնք կարող են հանգեցնել վարակի։ Խուսափեք ոտքի միջմատային շրջանները խոնացավնելուց, որ չխթանեք սնկիկային աճը:
  • Հագեք պինդ և չոր ներբանով հարմարավետ կոշիկներ:
  • Առանց հետաձգելու բուժեք ոտնաթաթերի ցանկացած սնկային վարակները:
  • Ոտքի եղունգները կտրեք զգուշությամբ, որ խուսափեք պատահական վնասվածքներից:
  • Ամեն օր զննեք ոտնաթաթերը, որ վաղ հայտնաբերեք հնարավոր վնասվածքները:
  • Եթե ունեք ոտնաթաթերի կոշտուկներ, վերքեր կամ վնասվածքներ, ցույց տվեք ձեր բժշկին և բուժումը վստահեք նրան:
  • Դիմեք ձեր բժշկին, եթե նկատում եք խոցի կամ մաշկի վնասման առաջին նշանները:

Նաև փորձեք քնել մահճակալի գլուխը մի քանի սանտիմետր բարձրացրած վիճակում: Ոտքերը սրտի մակարդակից ցածր պահելը սովորաբար նվազեցնում է ցավը։

Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024