Ծայրամասային զարկերակների հիվանդությամբ (ԾԶՀ) բազմաթիվ մարդիկ ունեն թեթև ախտանիշներ կամ որևէ գանգատ չեն ներկայացնում:
Որոշ մարդկանց մոտ առաջանում է ոտքի ցավեր քայլելիս (ընդմիջվող կաղություն կամ կլաուդիկացիա):
Ընդմիջվող կաղության ախտանիշները ներառում են մկանային ցավ կամ ջղաձգություն ոտքերում (կամ ձեռքերում), որոնք սկսվում են ֆիզիկական վարժանքների ժամանակ, օրինակ՝ քայլելիս կամ աստիճաններով բարձրանալիս և անցնում են մի քանի րոպե ոտքերին հանգիստ տալուց հետո: Ցավն առավել հաճախ զգացվում է սրունքում: Ցավը տատանվում է թեթևից մինչև ծանր: Ոտքերի ուժեղ ցավը կարող է դժվարացնել քայլելը կամ այլ տեսակի ֆիզիկական ակտիվությունը:
ԾԶՀ-ի այլ ախտանիշները կարող են ներառել՝
- ոտքի ստորին հատվածի կամ ոտնաթաթի սառնություն, հատկապես, երբ համեմատվում է մյուս կողմի հետ
- ոտքերի թմրածություն կամ թուլություն
- ոտքերում կամ ոտնաթաթերում անոթազարկի (պուլս) թուլացում կամ անհետացում
- որոշակի գործունեությունից հետո, օրինակ՝ քայլելուց կամ աստիճաններով բարձրանալուց հետո ցավոտ ջղաձգություն մեկ կամ երկու ազդրերի կամ սրունքի մկաններում
- ոտքերի մաշկի փայլուն տեսք
- ոտքերի մաշկի գույնի փոփոխություն
- ոտքի եղունգների դանդաղ աճ
- խոցեր ոտքի մատների, ոտնաթաթերի կամ ոտքերի վրա, որոնք չեն լավանում
- ցավ ձեռքերն օգտագործելիս, ինչպես օրինակ՝ ցավ ու ջղաձգություն հյուսելիս, գրելիս կամ ձեռքով այլ առաջադրանքներ կատարելիս
- էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա)
- ոտքերի կամ սրունքների մազաթափություն կամ մազերի աճի դանդաղում։
Եթե հիվանդությունը հարաճուն վատանում է, ցավը կարող է առաջանալ հանգստի ժամանակ կամ պառկած վիճակում: Ցավը նաև կարող է ընդհատել քունը։ Ոտքերը մահճակալի եզրից կախելը կամ քայլելը կարող է ժամանակավորապես մեղմացնել ցավը:
Ե՞րբ դիմել բժշկին
Զանգեք ձեր բժշկին, եթե ունեք ոտքի ցավ, թմրածություն կամ ԾԶՀ-ի այլ ախտանիշներ:
Կան որոշ նշաններ, որոնք կարող են վկայել ոտքի արյունամատակարարման կտրուկ վատթարացման մասին։ Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք՝
- ախտահարված ոտքի մկանների «քարացում»
- ոտքի մատների հանկարծակի կապտում
- ոտնաթաթերի կարմրում, սևացում կամ սաստիկ ցավերով ուղեկցվող այտուցվածություն
- ոտնաթաթերում կամ այլ շրջաններում առկա խոցերից տհաճ հոտով թարախային արտադրություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024