Որպես աթերոսկլերոզի տեղային դրսևորում, ծայրամասային զարկերակների հիվանդության (ԾԶՀ) բուժումն ուղղված է հիվանդության զարգացման ու բարդությունների կանխարգելմանը, ինչպես նաև կյաքնի որակը բարելավմանը:
ԾԶՀ-ի բուժման նպատակներն են՝
- կառավարել ախտանիշները, ինչպիսիք են ոտքերի ցավը, այնպես որ վարժանքը (օրինակ՝ քայլելը) անհարմարություն չպատճառի
- բարելավել զարկերակների առողջությունը, որը կնվազեցնի սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի ռիսկը:
ԾԶՀ-ի բուժումը ներառում է ապրելակերպի փոփոխություններ և երբեմն դեղորայք:
Ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել բարելավելու ախտանիշները, հատկապես ԾԶՀ-ի վաղ շրջանում: Եթե ծխում եք, ծխելը թողնելը թիվ մեկ ամենակարևոր բանն է, որ կարող եք անել՝ նվազեցնելու բարդությունների ռիսկը: Կանոնավոր, ծրագրավորված քայլելը կամ այլ վարժանքներ կատարելը (վերահսկվող վարժանքներ) կարող են կտրուկ բարելավել ախտանիշները:
Դեղորայքային բուժում
Եթե ԾԶՀ-ը ախտանիշներ է առաջացնում, ձեր բժիշկը կարող է դեղորայք նշանակել: ԾԶՀ-ի դեղերը կարող են ներառել հետևյալը:
- Խոլեստերինի դեղեր. ստատին կոչվող դեղամիջոցները սովորաբար նշանակվում են ԾԶՀ ունեցող մարդկանց: Ստատինները օգնում են նվազեցնել վատ խոլեստերինը և նվազեցնել անոթներում վահանակների կուտակումը: Դեղորայքը նաև նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի ռիսկը: Եթե ունեք ԾԶՀ, հարցրեք ձեր բժշկին, թե ցանկալի ինչ մակարդակի վրա պետք է լինի ձեր խոլեստերինի ցուցանիշը:
- Արյան ճնշման դեղեր. չվերահսկվող բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) կարող է պնդացնել և կարծրացնել զարկերակները: Սա կարող է դանդաղեցնել արյան հոսքը: Հարցրեք ձեր բժշկին, թե արյան ճնշման որ ցուցանիշն է ձեզ համար լավագույնը: Եթե ունեք բարձր արյան ճնշում, ձեր բժիշկը կարող է դեղեր նշանակել այն իջեցնելու համար: Դրանք հավանաբար կնշանակվեն, եթե ունեք 140/90 մմ ս.ս. կամ ավելի բարձր ճնշում և չունենաք շաքարային դիաբետ կամ եթե ունենք դիաբետ և 130/80 մմ ս.ս. կամ ավելի բարձր ճնշում:
- Արյան շաքարը կարգավորող դեղեր. եթե ունեք շաքարային դիաբետ, ձեր արյան շաքարի մակարդակը վերահսկելը դառնում է ավելի կարևոր: Խոսեք ձեր բժշկի հետ արյան շաքարի ձեր թիրախային մակարդակների և դրանց հասնելու մասին:
- Արյան մակարդուկը (թրոմբը) կանխելու դեղեր. ԾԶՀ-ը կապված է վերջույթների արյան հոսքի նվազման հետ: Ուստի, արյան հոսքը բարելավելու համար կարող են նշանակվել որոշ դեղամիջոցներ: Ասպիրինը կամ մեկ այլ դեղամիջոց, ինչպիսին է Կլոպիդոգրելը (Պլավիքս), կարող է օգտագործվել արյան մակարդումը կանխելու համար:
- Ոտքերի ցավը բուժող դեղեր. Սիլոստազոլ դեղամիջոցը նոսրացնում է արյունը և լայնացնում արյունատար անոթները։ Այն մեծացնում է արյան հոսքը դեպի վերջույթներ։ Սիլոստազոլը հատուկ օգնում է ոտքերի ցավի բուժմանն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ԾԶՀ: Այս դեղամիջոցի ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են գլխացավը և փորլուծությունը: Սիլոստազոլ խորհուրդ չի տրվում հղիներին և կրծքով կերակրող մայրերին։ Այլընտրանքային դեղամիջոցը Պենտոքսիֆիլինն է: Կողմնակի ազդեցությունները հազվադեպ են լինում Այս դեղամիջոցի հետ կողմնակի ազդեցությունները հազվադեպ են, սակայն այն սովորաբար այնքան արդյունավետ չէ, ինչքան Սիլոստազոլը:
Վիրահատական միջամտություններ
- Շունտավորումը անոթային վիրահատություն է, որի դեպքում մարմնի այլ շրջանից վերցվում է չվնասված անոթ, որը տեղադրվում է խցանված անոթը շրջանցելու համար նպաստավոր շրջանում։ Որոշ դեպքերում որպես շունտ կարող է օգտագործվել նաև պլաստիկ խողովակ (արհեստական անոթ)։
- Անգլիոպլաստիկան կամ ստենտավորումը վիրահատական միջամտություն է, որի նպատակը խցանված անոթով արյան հոսքը վերականգնումն է։ Այն սովորաբար իրականացվում է ախտահարված անոթի մեջ ներմուծելով հատուկ ճկուն բարակ խողովակ, որի ազատ ծայրին կա հատուկ փուչիկ (բալոնային կաթետեր)։ Վերջինիս միջոցով լայնացվում է խցանված զարկերակը և ըստ անհրաժեշտության լուսանցքում տեղադրվում չնեղացող զսպանակ՝ ստենտ, որը միշտ բաց է պահում զարկերակի նեղացած հատվածը։
- Թրոմբոլիտիկ բուժում կարող է առաջարկվել, եթե արդեն առկա է զարկերակը խցանող արյան մակարդուկ (թրոմբ): Նման դեպքերում նշանակվում է հատուկ դեղամիջոց, որը կարող է տարալուծել մակարդուկը, ընդ որում, որոշ իրավիճակներում բժիշկը կարող է ներարկել դեղամիջոցն անմիջականորեն խցանված զարկերակի մեջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024