Ծայրամասային կամ պերիֆերիկ նեյրոպաթիան նյարդային վնասում է, որն առաջանում է մի քանի տարբեր առողջական խնդիրների պատճառով:
Ծայրամասային նեյրոպաթիա առաջացնող հիվանդությունները և խնդիրները ներառում են հետևյալը:
- Աուտոիմուն հիվանդություններ. այս խմբին են պատկանում Շյոգրենի համախտանիշը, համակարգային կարմիր գայլախտը (լուպուս), ռևմատոիդ արթրիտը, Գիլեն-Բարեի համախտանիշը, քրոնիկ բորբոքային դեմելինացնող պոլինևրոպաթիան և վասկուլիտը: Բացի այդ, որոշ քաղցկեղներ, որոնք կապված են իմունային համակարգի հետ, նույնպես կարող են առաջացնել պոլինևրոպաթիա: Սա աուտոիմուն խանգարման ձև է, որը կոչվում է պարանեոպլաստիկ համախտանիշ:
- Շաքարային դիբետ և մետաբոլիկ համախտանիշ. սա ամենատարածված պատճառն է: Դիաբետով հիվանդ մարդկանց մոտ կեսից ավելիի շրջանում զարգանում է նեյրոպաթիայի մի տեսակ, որը հայտնի է որպես դիաբետիկ նեյրոպաթիա:
- Վարակներ. դրանք ներառում են որոշակի վիրուսային կամ բակտերիալ վարակներ, այդ թվում՝ Լայմի հիվանդություն, հերպես, հեպատիտներ B և C, բորոտություն, դիֆթերիա և ՄԻԱՎ:
- Ժառանգական խանգարումներ. որոշ գենետիկ խանգարումներ, ինչպիսին է Շարկո-Մարի-Տուտի հիվանդությունը, հանդիսանում են նեյրոպաթիայի ժառանգական տեսակներ և հանդիպում են որոշ ընտանիքներում:
- Ուռուցքներ. քաղցկեղային գոյացությունները, որոնք նաև կոչվում են չարորակ, և ոչ քաղցկեղային գոյացությունները, որոնք նաև կոչվում են բարորակ, կարող են աճել նյարդերի վրա կամ սեղմել-ճնշել դրանք:
- Ոսկրածուծի խանգարումներ. օրինակներից են մոնոկլոնալ գամոպաթիան՝ միելոմայի հազվագյուտ ձև, որն ազդում է ոսկորների վրա, լիմֆոման և ամիլոիդոզը: Այս դեպքում արյան մեջ հայտնվում է սպիտակուց, որը նորմայում բացակայում է:
- Այլ հիվանդություններ. դրանք ներառում են նյութափոխանակային (մետաբոլիկ) վիճակներ, ինչպիսիք են երիկամային հիվանդությունը, լյարդային հիվանդությունը և վահանաձև գեղձի անբավարարությունը, որը նաև հայտնի է որպես հիպոթիրեոզ:
Նեյրոպաթիաների այլ պատճառները ներկայացված են ստորև:
- Ալկոհոլի օգտագործման խանգարում. ալկոհոլի օգտագործման խանգարում (ալկոհոլիզմ) ունեցող մարդկանց կողմից թերսնուցումը և վիտամինների վատ ներծծումը կարող են հանգեցնել օրգանիզմում անփոխարինելի վիտամինների ցածր քանակի:
- Թույների (տոքսինների) ազդեցություն. նեյրոպաթիայի և այլ խանգարումների հանգեցնող թունավոր նյութերից են արդյունաբերական քիմիկատները և ծանր մետաղները, ինչպիսիք են կապարը և սնդիկը:
- Դեղամիջոցներ. որոշ դեղամիջոցներ, հատկապես քաղցկեղի բուժման մեջ նշանակվող քիմիոթերապիան, կարող են առաջացնել ծայրամասային նեյրոպաթիա:
- Նյարդի վնասվածք կամ ճնշում նյարդի վրա. վնասվածքները, ինչպիսիք են ավտոճանապարհային պատահարներից, ընկնելուց կամ սպորտային վնասվածքներից առաջացածները, կարող են խախտել ծայրամասային նյարդի ամբողջականությունը կամ վնասել նյարդերը: Նյարդերի վրա ճնշում կարող է առաջանալ գիպս դնելուց, հենակներ օգտագործելուց կամ կրկնողական շարժումներից, ինչպիսին է երկար ժամանակ մեքենագրելը (համակարգչի ստեղնաշարն օգտագործելը):
- Վիտամինների ցածր մակարդակ. B խմբի վիտամինները, այդ թվում՝ B1, B6 և B12-ը, ինչպես նաև պղինձն ու վիտամին E-ն չափազանց կարևոր են նյարդերի առողջական վիճակը պահպանելու համար:
Որոշ դեպքերում նեյրոպաթիայի որևէ ակնհայտ պատճառ չի հաջողվում հայտնաբերվել: Սա կոչվում է իդիոպաթիկ ծայրամասային նեյրոպաթիա:
Ռիսկի գործոններ
Ծայրամասային նեյրոպաթիայի ռիսկի գործոններից են՝
- շաքարային դիաբետ, հատկապես, երբ արյան շաքարի մակարդակը լավ չի վերահսկվում
- ալկոհոլի չարաշահում
- օրգանիզմում վիտամինների, մասնավորապես, վիտամին B12-ի ցածր մակարդակներ
- վարակներ, ինչպիսիք են Լայմի հիվանդությունը, հերպեսը, հեպատիտներ B և C և ՄԻԱՎ
- աուտոիմուն հիվանդություններ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը և գայլախտը (լուպուս), որոնց դեպքում օրգանիզմի իմունային համակարգը հարձակվում է սեփական հյուսվածքների վրա
- երիկամային, լյարդային կամ վահանաձև գեղձի խանգարումներ
- թույների ազդեցություն
- կրկնվող շարժումներ, ինչպիսիք են որոշակի աշխատանքներ կատարելը
- նեյրոպաթիայի ընտանեկան պատմություն (անամնեզ):
Հոդվածը հրապարակվել է՝ 18-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024