Ծայրամասային (պերիֆերիկ) համակարգի յուրաքանչյուր նյարդ ունի որոշակի առանձնահատուկ գործառույթ:
Ուստի, ախտանիշները կախված են ախտահարված նյարդերի տեսակից: Նյարդերը բաժանվում են հետևյալ տեսակների՝
- զգացողական (սենսոր) նյարդեր, որոնք մաշկից և այլ օրգաններից ստանում են զգացողություններ, ինչպիսիք են ջերմաստիճանը, ցավը, տատանումը (վիբրացիա) կամ հպումը (դիպչելը)
- շարժիչ (մոտոր) նյարդեր, որոնք հսկում են մկանային շարժումները
- ավտոնոմ (վեգետատիվ) նյարդեր, որոնք հսկում են տարբեր գործառույթներ, ինչպիսիք են արյան ճնշումը, քրտնարտադրությունը, սրտի ռիթմը, մարսողությունը և միզապարկի գործունեությունը:
Ծայրամասային նեյրոպաթիայի ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- ձեր դաստակների կամ ոտնաթաթերի աստիճանաբար սկսվող թմրածություն, ծակծկոցներ կամ ծակոցներ
- սուր, ծակող, բաբախող (պուլսացվող) կամ այրող ցավ
- հպման նկատմամբ խիստ զգայունություն (գերզգայունություն)
- ցավ այնպիսի գործողությունների ժամանակ, որոնք չպետք է ցավ պատճառեին, օրինակ՝ ոտքերի ցավ, երբ դրանք քիչ լարվում են կամ նույնիսկ, երբ ենթարկվում են վերմակի ծանրության ազդեցությանը
- հավասարակշռության և կորդինացիայի խախտումներ և վայր ընկնելը
- մկանային թուլություն
- այնպիսի զգացողություն, որ կարծես ձեռնոց կամ գուլպա եք կրում
- շարժում կատարելու անկարողություն, եթե ախտահարվել են շարժիչ նյարդերը:
Եթե ախտահարվում են ավտոնոմ նյարդերը, ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- ջերմության (տաք միջավայրի) անտանելիություն կամ անհանդուրժողականություն
- առատ քրտնարտադրություն կամ հակառակը՝ քրտնելու անկարողություն
- աղիների, միզապարկի գործունեության կամ մարսողական խնդիրներ
- արյան ճնշման կտրուկ անկում, որն առաջացնում է գլխապտույտ կամ ուշագնացության զգացում:
Ծայրամասային նեյրոպաթիան կարող է ներառել մեկ նյարդը, որը կոչվում է մոնոնեյրոպաթիա: Եթե այն ազդում է տարբեր շրջանների երկու կամ ավելի շատ նյարդերի վրա, կոչվում է բազմակի մոնոնեյրոպաթիա, իսկ եթե ազդում է բազմաթիվ նյարդերի վրա, կոչվում է պոլինեյրոպաթիա: Կարպալ թունելի համախտանիշը մոնոնեյրոպաթիայի մի օրինակ է: Այնուամենայնիվ, ծայրամասային նեյրոպաթիայով մարդկանց մեծ մասն ունի պոլինեյրոպաթիա:
Ե՞րբ դիմել բժշկին
Անմիջապես դիմեք բժշկական օգնության, եթե նկատում եք անսովոր ծակծկոցներ, թուլություն կամ ցավ ձեր դաստակներում կամ ոտնաթաթերում: Վաղ ախտորոշումը և բուժումը ձեզ լավագույն հնարավորությունն են տալիս, որ վերահսկեք ձեր ախտանիշները և կանխեք ծայրամասային նյարդերի հետագա վնասումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024