Ծայրամասային կամ պերիֆերիկ նեյրոպաթիայի վերահսկմանը կամ ցավի և մյուս ախտանիշների թեթևացմանը կարող են օգնել հետևյալ խորհուրդները:
- Հոգ տարեք ձեր ոտնաթաթերի մասին, հատկապես, եթե ունեք շաքարային դիաբետ․ ամեն օր ստուգեք՝ զննեք ձեր ոտնաթաթերը՝ համոզվելու, որ չունեք բշտիկներ, ճաքեր, վերքեր կամ շփաբորբեր: Կրեք փափուկ, ազատ և բամբակե գուլպաներ և փափուկ կոշիկներ:
- Դադարեցրեք ծխելը․ ծխախոտը կարող է առաջացնել արյան շրջանառության խնդիրներ, որն իր հերթին մեծացնում է ոտնաթաթերի հետ կապված խնդիրների և նեյրոպաթիայի այլ բարդությունների ռիսկերը:
- Կերեք առողջարար սնունդ․ ճիշտ սնվելն առանձնահատուկ կարևոր է, քանի որ ապահովում է անհրաժեշտ վիտամինների և միներալների օրական պահանջի ստացումը: Ձեր սննդակարգում ներառեք տարատեսակ մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկ ձավարեղեն և անճարպ սպիտակուցներ:
- Խուսափեք ալկոհոլի չարաշահումից․ ալկոհոլը կարող է վատթարացնել ծայրամասային նեյրոպաթիայի ընթացքը:
- Վերահսկեք ձեր արյան շաքարի մակարդակները․ եթե ունեք շաքարային դիաբետ, ձեր արյան շաքարը հսկողության ներքո պահելը հնարավոր է, որ օգնի նեյրոպաթիայի ախտանիշների մեղմացմանը: Հակառակ պարագայում անվերահսկելի բարձր շաքարն ի վերջո վատթարացնում է նեյրոպաթիայի ելքը:
Այլընտրանքային բժշկություն
Ծայրամասային նեյրոպաթիայով որոշ մարդիկ իրենց վիճակի թեթևացման համար փորձում են տարբեր օժանդակ բուժումներ: Հետազոտողները չեն ուսումնասիրել այս մեթոդներն այնքան մանրակրկտորեն, որքան դեղամիջոցների մեծ մասը: Այնուամենայնիվ, հետևյալ թերապիաների համար առկա են որոշակի խոստումնալից արդյունքներ:
- Ասեղնաբուժություն. ձեր մարմնի տարբեր կետերում բարակ ասեղներ տեղադրելը կարող է նվազեցնել ծայրամասային նեյրոպաթիայի ախտանիշները: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել մի քանի սեանս՝ նախքան վիճակի բարելավում զգալը: Ասեղնաբուժությունն, ընդհանուր առմամբ, համարվում է անվտանգ, եթե կատարվում է ստերիլ ասեղների միջոցով և հավաստագրված մասնագետի կողմից:
- Ալֆա-լիպոյաթթու. սա տարիներ շարունակ Եվրոպայում օգտագործվել է որպես ծայրամասային նեյրոպաթիայի բուժում, և կան որոշ ապացույցներ, որ այն կարող է օգտակար լինել ցավերով ուղեկցվող դիաբետիկ նեյրոպաթիա ունեցողների համար: Քննարկեք ալֆա-լիպոյաթթվի օգտագործումը ձեր բժշկի հետ, քանի որ այս հավելումը կարող է ազդել արյան շաքարի մակարդակի վրա: Այլ կողմնակի ազդեցություններից են ստամոքսի խանգարումը և մաշկի ցանը:
- Ամինաթթուներ․ ամինաթթուները, ինչպիսին է ացետիլ-L-կարնիտինը, հնարավոր է, որ օգնեն այն մարդկանց, ովքեր ստանում են քիմիոթերապիա կամ ունեն շաքարային դիաբետ: Կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը և փսխումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024