Նախադաշտանային համախտանիշի հնարավոր գանգատների և ախտանիշների ցանկը երկար է, սակայն կանանց մեծամասնությունն այս խնդիրներից միայն մի քանիսն է զգում:
Հուզական և վարքաբանական գանգատներ և ախտանիշներ
- լարվածություն կամ անհանգստություն
- ընկճված (դեպրեսիվ) տրամադրություն
- հաճախակի կամ առանց պատճառի լաց
- տրամադրության փոփոխություններ և դյուրագրգռություն կամ զայրույթ
- ախորժակի փոփոխություններ և սննդային հակումներ
- քնելու հետ կապված խնդիրներ (անքնություն)
- սոցիալական հեռացում կամ մեկուսացում
- վատ ուշադրություն
- սեռական ցանկության (լիբիդոյի) փոփոխություն:
Ֆիզիկական գանգատներ և ախտանիշներ
- hոդային կամ մկանային ցավեր
- գլխացավ
- հոգնածություն
- քաշի ավելացում՝ կապված է հեղուկի պահման հետ
- որովայնի փքվածություն (փորափքանք, մետեորիզմ)
- կրծքագեղձերի ցավոտություն
- պզուկների բռնկում (ցիկլային ակնե)
- փորկապություն կամ փորլուծություն
- ալկոհոլի անտանելիություն (անհանդուրժողականություն):
Որոշ կանանց համար ֆիզիկական ցավն ու հուզական սթրեսն այնքան ուժեղ են, որ ազդում են նրանց առօրյա կյանքի վրա: Անկախ ախտանիշների ծանրությունից, կանանց մեծ մասի մոտ գանգատներն ու ախտանշանները հիմնականում անհետանում են դաշտանի սկզբից չորս օրվա ընթացքում:
Սակայն, նախադաշտանային համախտանիշ ունեցող կանանց մի փոքր մասն ամեն ամիս ունենում է անգործունակության հասցնող ախտանիշներ: Նախադաշտանային համախտանիշի այս ձևը կոչվում է նախադաշտանային դիսֆորիկ խանգարում (ՆԴԴԽ):
ՆԴԴԽ-ի գանգատներն ու ախտանիշները ներառում են դեպրեսիա, անկայուն տրամադրություն, զայրույթ, անհանգստություն, ճնշվածության զգացում, կենտրոնանալու դժվարություն, դյուրագրգռություն և լարվածություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե դուք չեք կարողանում կառավարել ձեր նախադաշտանային համախտանիշն ապրելակերպի փոփոխություններով, և ձեր գանգատներն ու ախտանիշներն ազդում են ձեր առողջության և ամենօրյա գործունեության վրա, դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024