Գրադարան
Նախադաշտանային համախտանիշ. բուժում

1 րոպե
Բազմաթիվ կանանց համար ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել վերացնելու նախադաշտանային համախտանիշի գանգատներն ու ախտանիշները:
Սակայն, կախված ձեր ախտանիշների ծանրության աստիճանից՝ ձեր բժիշկը կարող է նշանակել մեկ կամ մի քանի դեղամիջոց ձեր նախադաշտանային համախտանիշի համար:
Ախտանիշները թեթևացնելու գործում դեղորայքի արդյունավետությունը կանանց շրջանում տարբերվում է: Նախադաշտանային համախտանիշի համար սովորաբար նշանակվող դեղամիջոցները ներառում են հետևյալը:
- Հակադեպրեսանտներ. սերոտոնինի ետզավթման ընտրողական ինհիբիտորները (ՍԵԸԻ-ներ), որոնք ներառում են Ֆլուոքսետինը (Պրոզակ), Պարոքսետինը (Պաքսիլ, Պեքսեվա), Սերտրալինը (Զոլոֆտ) և այլն, հաջողությամբ մեղմացնում են տրամադրության ախտանիշները: ՍԵԸԻ-ներն առաջին գծի բուժումն է ծանր նախադաշտանային համախտանիշի կամ նախադաշտանային դիսֆորիկ խանգարման համար: Այս դեղերը սովորաբար ընդունվում են ամեն օր: Սակայն նախադաշտանային համախտանիշ ունեցող որոշ կանանց համար հակադեպրեսանտների օգտագործումը կարող է սահմանափակվել դաշտանի սկսվելուց երկու շաբաթ առաջ:
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ-ներ). ձեր հերթական դաշտանից առաջ կամ սկսվելու օրը որևէ ՈՍՀԲԴ-ը, օրինակ՝ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե), կարող են մեղմացնել կծկանքային ցավերը և կրծքագեղձերում անհարմարավետության զգացումը:
- Միզամուղներ (դիուրետիկներ). եթե վարժանքները և կերակրի աղի սահմանափակումը բավարար չեն ձեր ավելացած քաշը, այտուցները և աղիների փքվածությունը նվազեցնելու համար, ձեր բժիշկը կարող է նշանակել միզամուղներ, որոնք օգնում են, որ ավելցուկային հեղուկները երիկամներով հեռանան ձեր օրգանիզմից: Սպիրոնոլակտոնը (Ալդակտոն) միզամուղ է, որը կարող է օգնել նախադաշտանային համախտանիշի որոշ ախտանիշների մեղմացմանը:
- Հորմոնային հակաբեղմնավորիչներ. այս դեղամիջոցները դադարեցնում են ձվազատումը (օվուլյացիա), որը կարող է մեղմացնել նախադաշտանային համախտանիշի որոշ ախտանիշները:
Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2021 վերանայվել է՝ 18-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: