Պրոկտիտ. բուժում
20-02-2021
2 րոպե

Պրոկտիտի բուժումը կախված է ձեր գանգատների ծանրության աստիճանից և հիվանդության հիմքում ընկած պատճառից:
Ըստ հայտնաբերված պատճառի, բժիշկը կարող է ընտրել պրոկտիտի բուժման ամենահամապատասխան տարբերակը:
Վարակային պրոկտիտի բուժումը
Բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղեր, որոնք ուղղված են ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքման պատճառ դարձած վարակային հիվանդության բուժմանը: Վարակների բուժման տարբերակներից են՝
- հակաբիոտիկներ (օրինակ՝ Դոքսիցիկլին և այլն) նշանակվում են բակտերիալ վարակների դեպքում
- հակավիրուսային դեղեր նշանակվում են, եթե բորբոքման պատճառը վիրուսային վարակն է (օրինակ՝ սեռական (գենիտալ) հերպեսի բուժման համար բժիշկը կարող է նշանակել Ացիկլովիր):
Ճառագայթային պրոկտիտի բուժումը
Ճառագայթային բուժմամբ պատճառված պրոկտիտի թեթև ձևերը սովորաբար բուժման կարիք չունեն, և նման բուժման ավարտից հետո գանգատներն ինքնուրույն ժամանակի ընթացքում անհետանում են: Այլ դեպքերում, եթե պրոկտիտն ուղեկցվում է սաստիկ ցավերով և ուղիղաղիքային արյունահոսությամբ, բժիշկը կարող է խորհուրդ տալ՝
- դեղեր. որոշ հաբեր, ուղիղաղիքային մոմիկներ կամ հոգնայով ուղիղ աղիքի լուսանցք ներմուծվող դեղաձևեր կարող են օգնել բորբոքումը մեղմացնելուn և արյունահոսությունը կրճատելուն (օրինակ՝ Սուկրալֆատ, Մեզալամին, Սուլֆասալազին և Մետրոնիդազոլ)
- աղիների պարունակությունը (կղանքային զանգվածը) փափկեցնող և լուծող միջոցներ. սրանք կարող են օգնել աղիքային խցանումների վերացմանը
- ախտահարված հյուսվածքների քայքայմանն ուղղված բուժում. այս միջոցառումները բարելավում են պրոկտիտի ախտանիշները՝ քայքայելով ախտահարված արյունահոսող հյուսվածքները (կոչվում է աբլացիա՝ արգոն-պլազմային կոագուլյացիա (APC), կիրոաբլացիա, էլեկտրոկոագուլյացիա և այլն):
Աղիների բորբոքային հիվանդությամբ պատճառված պրոկտիտի բուժումը
Այս մոտեցումը ներառում է Կրոնի հիվանդության կամ խոցային կոլիտի բուժման մեթոդները, որոնք ուղղված են ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքման մեղմացմանը:
Բժիշկը կարող է առաջարկել՝
- աղիների բորբոքումը մեղմացնող դեղեր. նա կարող է նշանակել տարբեր դեղաձևերով տրվող (ներքին ընդունման, ուղիղաղիքային մոմիկ կամ հոգնա) հակաբորբոքային դեղեր, օրինակ՝ Մեզալամին կամ կորտիկոստերոիդներից՝ Պրեդնիզոն կամ Բուդեսոնիդ, ինչպես նաև իմունային համակարգն ընկճող դեղեր, օրինակ՝ Ազաթիոպրին կամ Ինֆլիքսիմաբ
- վիրահատություն. եթե դեղերով բուժումը չի բարելավում ձեր ախտանիշները, բժիշկը կարող է առաջարկել մարսողական խողովակի ախտահարված հատվածի վիրահատական հեռացում (ռեզեկցիա):
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022