Ռեակտիվ արթրիտ. ախտորոշում
26-05-2021
1 րոպե

Արտաքին զննման ժամանակ բժիշկը կստուգի հոդերի ախտահարման նշանները՝ այտուցվածություն, տեղային ջերմություն և լարվածություն, շարժումների սահմանափակում և այլն:
Բժիշկը նաև կզննի ձեր աչքերը և մաշկը, որ ստուգի բորբոքման (կոնյուկտիվիտ) կամ ցանավորման առկայությունը:
Ռեակտիվ արթրիտի ախտորոշման հաստատումը կարող է պահանջել մի շարք հետազոտություններ:
Արյան թեստեր
Բժիշկը կարող է առաջարկել որոշ արյան թեստեր, որ ստուգի՝
- անցյալում տարած կամ առկա վարակները
- բորբոքման առկայությունը
- հոդաբորբի (արթրիտ) այլ տեսակների հետ կապված հակամարմինների առկայությունը
- ռեակտիվ արթրիտի հետ կապված գենետիկական մարկերները:
Հոդային հեղուկի թեստեր
Բժիշկը նաև կարող է բարակ ասեղի միջոցով ախտահարված հոդից արտածծել քիչ քանակով հեղուկ, որի լաբորատոր հետազոտությամբ կարող են ստուգվել հետևյալ ցուցանիշները:
- Արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) քանակ. լեյկոցիտների թվի բարձրացումը կարող է վկայել բորբոքման կամ վարակի առկայության մասին
- Բակտերիաներ. սինովյալ հեղուկում բակտերիաների առկայությունը կարող է վկայել սեպտիկ արթրիտի մասին
- Բյուրեղներ. սինովյալ հեղուկում միզաթթվային բյուրեղների առկայությունը կարող է վկայել պոդագրայի մասին:
Պատկերման հետազոտություններ
Ախտահարված շրջանի ռենտգեն հետազոտությունը օգտակար կարող է լինել ինչպես ռեակտիվ արթրիտի ախտորոշման, այնպես էլ հոդաբորբի այլ տեսակների ժխտման համար:
Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2021