Ռեակտիվ արթրիտ. բուժում
26-05-2021
1 րոպե

Ռեակտիվ արթրիտի բուժման նպատակը գանգատները մեղմացնելն է և դեռևս առկա վարակը վերացնելը:
Դեղեր
Եթե ռեակտիվ արթրիտը հստակ կերպով պայմանավորված է որևէ բակտերիալ վարակով, ապա բժիշկը կարող է նշանակել տվյալ հարուցիչի վրա ազդող հակաբիոտիկ:
Ռեակտիվ արթրիտի ժամանակ նշանակվող այլ դեղերից են՝
- ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ), օրինակ՝ Ինդոմեթացինը կարող են մեղմացնել հոդերի բորբոքումը և հոդացավերը
- կորտիկոստերոիդների ներհոդային ներարկումները կարող են նվազեցնել բորբոքումը և հնարավորություն տալ վերադառնալու նորմալ առօրյա ակտիվ կյանքին
- տեղային ստերոիդներ (քսուքներ) կարող են նշանակվել ռեակտիվ արթրիտով պայմանավորված ցանավորման ժամանակ
- ռևմատոիդ արթրիտի դեղերը, օրինակ՝ Սուլֆասալազինը, Մեթոտրեքսատը կամ էտաներցեպտը կարող են որոշ մարդկանց մոտ մեղմացնել ցավերը և կարկամությունը:
Ֆիզիոթերապիա
Ֆիզիոթերապևտը կարող է խորհուրդ տալ հատուկ վարժանքներ՝ ուղղված ձեր ախտահարված հոդերի և մկանների վաղ վերականգնմանը: Օրինակ, վարժանքները կարող են ամրապնդել ախտահարված հոդերի հետ փոխկապված մկանները, հոդերը դարձնել ավելի ճկուն և մեղմացնել կարկամությունը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022