Արագ (REM) քնի վարքային խանգարումն ախտորոշելու համար ձեր բժիշկը գնահատում է ձեր հիվանդության պատմությունը (անամնեզ) և ձեր ախտանիշները:
Ախտորոշիչ գործընթացը կարող է ներառել հետևյալ միջոցառումները:
- Ֆիզիկական և նյարդաբանական քննություն. ձեր բժիշկը կանցկացնի ֆիզիկական և նյարդաբանական քննություն, որ գնահատի ձեզ մոտ արագ (REM) քնի վարքային խանգարումը և քնի այլ խանգարումները: Արագ (REM) քնի վարքային խանգարումը կարող է դրսևորվել այնպիսի ախտանիշներով, որոնք նման են քնի այլ խանգարումների նշաններին: Կամ դրանք կարող են զարգանալ քնի այլ խանգարումների ախտանիշների հետ միասին, ինչպիսիք են օբստրուկտիվ քնի օբստրուկտիվ ապնոէն կամ նարկոլեպսիան:
- Ձեր քնի զուգընկերոջ հետ զրույց․ բժիշկը կարող է հարցնել ձեր քնի զուգընկերոջն այն մասին, թե արդյոք նա երբևէ նկատել է, որ քնած ժամանակ դուք գործում եք ձեր երազների ազդեցության տակ, օրինակ՝ հարվածում եք բռունցքով, ձեռքերը թափահարում եք օդում, բղավում եք և այլն: Բժիշկը նաև կարող է խնդրել ձեր զուգընկերոջը, որ լրացնի ձեր քնի վարքագծի վերաբերյալ հարցաթերթիկ:
- Գիշերային քնի հետազոտություն (պոլիսոմնոգրաֆիա). բժիշկները կարող են խորհուրդ տալ, որ անցնեք գիշերային հետազոտություն քնի լաբորատորիայում: Այս հետազոտության ընթացքում հատուկ սենսորները վերահսկում են քնած ժամանակ ձեր սրտի, թոքերի և գլխուղեղի գործունեությունը, շնչառության բնույթը, ձեռքերի և ոտքերի շարժումները, ձայնը և արյան մեջ թթվածնի մակարդակը: Որպես կանոն, ձեզ տեսանկարահանում են՝ արագ (REM) քնի ցիկլերի ընթացքում ձեր վարքագծերն արձանագրելու համար:
Ախտորոշիչ չափորոշիչներ
Արագ (REM) քնի վարքային խանգարումն ախտորոշելու համար քնի բժշկության մասնագետներն օգտվում են Միջազգային դասակարգչի երրորդ հրատարակության (ICSD-3) ախտանիշային չափորոշիչներից:
Արագ (REM) քնի վարքային խանգարման ախտորոշիչ չափանիշները ներառում են հետևյալը:
- Քնած ժամանակ ունենում եք կրկնակի խթանման ժամանաշրջաններ, երբ խոսում եք, ձայներ եք արձակում կամ կատարում եք բարդ շարժումներ, ինչպիսիք են ձեռքով կամ ոտքով հարվածելը կամ փախչելու շարժումները, որոնք հաճախ կապված են ձեր երազների բովանդակության հետ:
- Դուք հիշում եք այն երազները, որոնք կապված են այս շարժումների կամ ձայների հետ:
- Եթե արթնանում եք դրվագի ընթացքում, լինում եք գիտակից, և շփոթված կամ ապակողմնորոշված չեք:
- Քնի հետազոտությունը (պոլիսոմնոգրաֆիա) ցույց է տալիս, որ REM քնի ընթացքում ունեք ավելորդ մկանային ակտիվություն:
- Ձեր քնի խանգարումը պայմանավորված չէ քնի այլ խանգարմամբ, հոգեկան առողջության խնդիրներով, դեղորայքով կամ թմրամիջոցների չարաշահմամբ:
Արագ (REM) քնի վարքային խանգարումը կարող է լինել նեյրոդեգեներատիվ հիվանդության զարգացման առաջին նշանը, ինչպիսիք է Պարկինսոնի հիվանդությունը, բազմահամակարգային ատրոֆիան կամ Լյուիի մարմնիկներով դեմենցիան: Ուստի, եթե ձեզ մոտ զարգացել է արագ քնի խանգարում, կարևոր է կապի մեջ մնալ ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024