Արագ (REM) քնի վարքային խանգարման բուժումը կարող է ներառել ֆիզիկական նախազգուշական միջոցներ և դեղամիջոցներ:
Ֆիզիկական անվտանգության ապահովում
Բժիշկը կարող է ձեզ խորհուրդ տալ, որ փոփոխություններ կատարեք ձեր քնի միջավայրում՝ այն ձեր և ձեր անկողնու զուգընկերոջ համար ավելի անվտանգ դարձնելու համար: Օրինակներից են՝
- մահճակալի մոտ հատակին փափուկ ծածկոց փռելը
- ննջասենյակից վտանգավոր առարկաները հեռացնելը, ինչպիսիք են սուր առարկաները և զենքերը
- մահճակալի դրսային կողմի վրա պատնեշներ տեղադրելը
- կահույքը և այլ իրերը մահճակալից հեռու տեղափոխելը
- ննջասենյակի պատուհաններին ճաղավանդակ ամրացնելը
- հնարավորության դեպքում՝ առանձին մահճակալին քնելը, քանի դեռ ախտանիշներն արտահայտված են:
Դեղորայքային բուժում
Արագ (REM) քնի վարքային խանգարման դեղորայքային բուժման մի քանի օրինակ ներկայացված է ստորև:
- Մելատոնին. բժիշկը կարող է նշանակել Մելատոնին կոչվող սննդային հավելում, որը կարող է օգնել ձեր ախտանիշների մեղմացմանը կամ վերացմանը: Մելատոնինը կարող է նույնքան արդյունավետ լինել, որքան Կլոնազեպամը և սովորաբար լավ հանդուրժվում է՝ ունենալով միայն սակավաթիվ կողմնակի ազդեցություններ:
- Կլոնազեպամ (Կլոնոպին). այս դեղամիջոցը, որը հաճախ նշանակվում է անհանգստությունը կամ տագնապը բուժելու համար, նաև արագ (REM) քնի վարքային խանգարման բուժման դասական ընտրություն է: Կլոնազեպամը կարող է առաջացնել կողմնակի բարդություններ, ինչպիսիք են ցերեկային քնկոտությունը, հավասարակշռության նվազումը և քնի ապնոէի վատթարացումը:
Բժիշկները շարունակում են հետազոտել մի քանի այլ դեղամիջոցներ, որոնք կարող են բուժել արագ քնի վարքային խանգարումը: Խոսեք ձեր բժշկի հետ՝ ձեզ համար ամենահարմար բուժման տարբերակը որոշելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024