Ռևմատոիդ արթրիտը բարձրացնում է մի շարք առողջական խնդիրների և հիվանդությունների զարգացման ռիսկը:
- Օստեոպորոզ. ռևմատոիդ արթրիտն ինքնին, ռևմատոիդ արթրիտի բուժման համար օգտագործվող որոշ դեղամիջոցների հետ մեկտեղ, կարող է մեծացնել օստեոպորոզի վտանգը՝ մի վիճակ, որը թուլացնում է ձեր ոսկորները և դարձնում դրանք կոտրվածքների նկատմամբ ավելի խոցելի:
- Ռևմատոիդ հանգույցներ. հյուսվածքային այս պինդ գոյացություններն առավել հաճախ ձևավորվում են ճնշման կետերի շուրջ, ինչպիսիք են արմունկները: Այնուամենայնիվ, այս հանգույցները կարող են ձևավորվել մարմնի ցանկացած մասում, այդ թվում՝ սրտում և թոքերում:
- Աչքերի և բերանի չորություն. մարդիկ, ովքեր ունեն ռևմատոիդ արթրիտ, շատ ավելի հավանական է, որ ունենան Շյոգրենի համախտանիշ՝ մի խանգարում, որը նվազեցնում է աչքերի և բերանի խոնավությունը:
- Վարակներ. ռևմատոիդ արթրիտն ինքնին և դրա դեմ պայքարի համար օգտագործվող շատ դեղամիջոցներ կարող են թուլացնել իմունային համակարգը՝ հանգեցնելով վարակների ավելացման: Պաշտպանեք ձեզ պատվաստումներով՝ կանխելու այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են գրիպը, թոքաբորբը, գոտևորող որքինը և COVID-19-ը:
- Ոչ նորմալ մարմնակառուցվածք. ճարպի և մկանային զանգվածի հարաբերակցությունը հաճախ ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ռևմատոիդ արթրիտ, նույնիսկ նրանց մոտ, ովքեր ունեն նորմալ մարմնի զանգվածի գործակից (ՄԶԳ):
- Կարպալ թունելի համախտանիշ. եթե ռևմատոիդ արթրիտն ախտահարում է ձեր դաստակները, բորբոքումը կարող է ճնշել նյարդը, որը սպասարկում է ձեր ձեռքի և մատների մեծ մասը:
- Սրտային խնդիրներ. ռևմատոիդ արթրիտը կարող է մեծացնել կարծրացած և խցանված զարկերակների, ինչպես նաև սրտապարկի բորբոքման ռիսկը:
- Թոքային հիվանդություն. ռևմատոիդ արթրիտ ունեցող մարդկանց մոտ մեծանում է թոքերի հյուսվածքների բորբոքման և սպիների առաջացման ռիսկը, ինչը կարող է հանգեցնել հարաճուն շնչարգելության և հևոցի:
- Լիմֆոմա. ռևմատոիդ արթրիտը մեծացնում է լիմֆոմայի ռիսկը՝ արյան քաղցկեղի մի խումբ, որը զարգանում է ավշային համակարգում:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024