Ռևմատոիդ արթրիտ. ախտանիշներ
01-06-2021
2 րոպե

Ռևմատոիդ արթրիտը հաճախ ընթանում է դաստակի և ոտնաթաթի փոքր հոդերի ախտահարմամբ, թեև մեծ հոդերը (կոնքազդրային և ծնկան) նույնպես կարող են վնասվել։
Ռևմատոիդ արթրիտի ախտանիշները կարող են ներառել՝
- լարված, տաք, այտուցված և պուլսացվող ցավերով հոդեր
- հոդերի հարակից շրջանների բորբոքում և ռևմատոիդ հանգույցների առաջացում, ինչպես նաև հարհոդային մաշկի կարմրություն և տաքություն
- հոդերի կարկամություն, որը սովորաբար վատթարանում է առավոտյան և որոշ ժամանակ անշարժ մնալուց հետո և, ի տարբերություն օստեոարթրիտների, ավելի երկարատև է (մի քանի ժամ)
- հոգնածություն, ջերմության բարձրացում և ախորժակի կորուստ:
Վաղ ռևմատոիդ արթրիտը հակված է առաջին հերթին ախտահարելու փոքր հոդերը, մասնավորապես, ձեռքի մատները դաստակին և ոտքի մատները ոտնաթաթին միացնող հոդերը:
Հիվանդության զարգացմանը զուգընթաց ախտանիշները հաճախ տարածվում են դեպի դաստակներ, ծնկներ, սրունք-թաթային հոդեր, արմունկներ, կոնք-ազդրային հոդեր և ուսահոդեր:
Ռևմատոիդ արթրիտով մարդկանց շուրջ 40%-ը նաև ունի արտահոդային ախտանիշներ, որոնք ներառում են հետևյալ օրգան-համակարգերը՝
- մաշկ
- աչքեր
- թոքեր
- սիրտ
- երիկամներ
- թքագեղձեր
- նյարդային հյուսվածք
- ոսկրածուծ
- արյունատար անոթներ:
Ռևմատոիդ արթրիտի գանգատները և ախտանիշները տարբերվում են ծանրության աստիճանով և կարող են կրկնվել և անհետանալ: Հիվանդության սրացումներին (ախտադարձ կամ ռեցեդիվ) հաջորդում են հարաբերական մեղմացումները (ախտադադար կամ ռեմիսիա), երբ հոդերի այտուցը և ցավը մեղմանում կամ անհետանում են: Ժամանակի ընթացքում ռևմատոիդ արթրիտը կարող է առաջացնել հոդերի ձևափոխումներ և հոդախախտեր:
Ե՞րբ դիմել բժշկին
Հանդիպեք բժշկին, եթե ունեք հոդերի կայուն անհարմարավետություն և այտուցվածություն:
Հոդվածը վերանայվել է՝ 01-06-2021