Ռևմատոիդ արթրիտ. բուժում
01-06-2021
3 րոպե

Ռևմատոիդ արթրիտը որևէ վերջնական բուժում չունի:
Այնուամենայնիվ, կլինիկական հետազոտությունները վկայում են, որ ռևմատոիդ արթրիտի ախտանիշների մեղմացումը (ռեմիսիա) ավելի հավանական է, երբ բուժումը սկսվում է վաղ և օգտագործվում են հիվանդությունը ձևափոխող հակառևմատիկ դեղամիջոցներ (ՀՁՀՌԴ, անգլերեն՝ DMARDs):
Դեղամիջոցներ
Բժշկի կողմից խորհուրդ տրվող դեղամիջոցների տեսակները կախված են ախտանիշների ծանրության աստիճանից և հիվանդության տևողությունից:
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ). ՈՍՀԲԴ-ը կարող են մեղմացնել ցավը և նվազեցնել բորբոքումը, սակայն չեն փոփոխում հիվանդության ընթացքը և արդյունավետ չեն ռևմատոիդ արթրիտի ուշ փուլերում: Դեղատոմս չպահանջող ՈՍՀԲԴ-ից են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նապրոքսենը (Ալեվե): Կողմնակի ազդեցություններից են՝ ստամոքսի գրգռում, սրտային խնդիրներ և երիկամների վնասում:
- Ստերոիդներ. կորտիկոստերոիդային դեղամիջոցները, օրինակ՝ Պրեդնիզոնը, կրճատում են բորբոքումն ու ցավը և դանդաղեցնում հոդի վնասումը: Կողմնակի ազդեցություններից են՝ ոսկրերի թուլացում, քաշի ավելացում և դիաբետ: Բժիշկները հաճախ նշանակում են կորտիկոստերոիդներ, որ արագորեն մեղմացվեն ախտանիշները, որից հետո աստիճանաբար կրճատվում է դեղաչափը:
- Ավանդական (բազիսային) ՀՁՀՌԴ. այս դեղամիջոցները կարող են դանդաղեցնել ռևմատոիդ արթրիտի զարգացումը և հոդերն ու այլ հյուսվածքները պաշտպանել անդառնալի փոփոխությունից: Տարածված ՀՁՀՌԴ-երից են՝ Մեթոտրեքսատ (Տրեքսալ, Օտրեքսուպ և այլն), Լեֆլյունոմիդ (Արավա), Հիդրօքսիքլորոխին (Պլաքվենիլ) և Սուլֆասալազին (Ազուլֆիդին): Կողմնակի ազդեցությունները տարբերվում են, բայց կարող են ներառել լյարդի վնասումը և ծանր թոքային վարակները:
- Կենսաբանական (բիոլոգիական) նյութեր. այս դեղամիջոցները հայտնի են նաև որպես կենսաբանական պատասխանի ձևափոխիչներ և համարվում են ՀՁՀՌԴ-ների ավելի նոր դաս: Օրինակներից են՝ Աբատացեպտ (Օրենսիա), Ադալիմումաբ (Հումիրա), Անակինրա (Կիներետ), Ցերտոլիզումաբ (Սիմզիա), Էտաներցեպտ (Էնբրել), Գոլիմումաբ (Սիմպոնի), Ինֆլիքսիմաբ (Ռեմիսադ), Ռիտուքսիմաբ (Ռիտուքսան), Սարիլումաբ (Կեվզարա) և Տոսիլիզումաբ (Ակտեմրա): Կենսաբանական ՀՁՀՌԴ-ն առավել արդյունավետ են, երբ զուգակցվում են կոնվենցիոնալ ՀՁՀՌԴ-ների, օրինակ՝ Մեթոտրեքսատի հետ: Այս խմբի դեղամիջոները նույնպես բարձրացնում են վարակների ռիսկը:
- Թիրախային սինթետիկ ՀՁՀՌԴ. Բարիսիտինիբը (Օլումիանտ), Տոֆասիտինիբը (Քսելյանզ) և Ուպադասիտինիբը (Ռինվոք) կարող են օգտագործվել, եթե բազիսային կամ կենսաբանական ՀՁՀՌԴ-ներն արդյունավետ չեն: Տոֆասիտինիբի բարձր դեղաչափերը կարող են բարձրացնել թոքային էմբոլիայի, ծանր սրտային պատահարների և քաղցկեղի ռիսկը:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիա)
Բժիշկը կարող է խորհուրդ տալ ֆիզիոթերապևտի կամ մասնագիտական թերապևտի խորհրդատվություն, ովքեր կարող են սովորեցնել հոդերը ճկուն պահող վարժանքներ: Մասնագիտական թերապևտը նաև կառաջարկի առօրյա գործերը կատարելու նոր հմտություններ, որոնք ավելի հեշտությամբ կտարվեն հիվանդ հոդերի կողմից, օրինակ՝ ինչ-որ առարկա վերցնելիս նախաբազուկների օգտագործումը:
Օժանդակող հարմարանքները կարող են օգնել ցավոտ հոդերի լարումը թեթեևացնելիս: Օրինակ, կոճակների փոխարեն կեռիկների առկայությունը կարող են օգնել շորերը հագնելը:
Վիրահատական բուժումներ
Եթե դեղամիջոցները չեն կարողանում կանխարգելել կամ դանդաղեցնել հոդի վնասումը, բժիշկը կարող է առաջարկել հոդերի վերականգնման վիրահատություններ: Վիրահատական բուժումը կարող է օգնել, որ որոշ չափով վերականգնվի ախտահարված հոդի ֆունկցիոնալ կարողությունը և մեղմացվեն ցավերը:
Ռևմատոիդ արթրիտի ժամանակ առաջարկվող վիրահատական մոտեցումներից են՝
- սինովեկտոմիա. սա հոդի բորբոքված լորձաթաղանթի հեռացումն է, որը կարող է օգնել ցավի մեղմացմանը և բարելավե հոդի ճկությունը
- ջլի վերականգնում. բորբոքումը և հոդի վնասումը կարող են առաջացնել հոդը շրջապատող ջլերի թուլացում կամ պատռում, որի վիրահատական վերականգնումը կարող է օգնել հոդի շարժունակության բարելավմանը
- ամբողջական հոդի փոխարինում. սա մեծ վիրահատություն է, որի ժամանակ վիրաբույժը հեռացնում է հոդի վնասված մասը և փոխարինում մետաղից և պլաստիկից պատրաստված պրոթեզով:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022