Զստասրբանային հոդաբորբի բուժումը կախված է ախտանիշներից և պատճառներից:
Ձգող և ամրապնդող վարժությունները և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), որոնք կարող եք ձեռք բերել առանց դեղատոմսի, հաճախ առաջին բուժումներն են:
Դեղորայքային բուժում
Կախված ձեր ցավի պատճառից, բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ դեղամիջոցները:
- Ցավազրկողներ. ՈՍՀԲԴ-ների օրինակներից են՝ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նապրոքսեն նատրիում (Ալեվե): Եթե դրանք բավարար չեն օգնում, ձեր բժիշկը կարող է նշանակել ավելի ուժեղ ցավազրկողներ:
- Միոռելաքսանտներ. Ցիկլոբենզապրինը (Ամրիքս) և այլ միոռելաքսանտները կարող են թուլացնել մկանային լարվածությունը (սպազմ), որը հաճախ ուղեկցվում է սակրոիլեիտին՝ օգնելով ցավի մեղմացմանը:
- Կենսաբանական նյութեր (բիոլոջիկներ). կենսաբանական դեղամիջոցները բուժում են բազմաթիվ աուտոիմուն խանգարումներ: Ինտերլեյկին-17-ի (IL-17) արգելակիչնեից են Սեկուկինումաբը (Կոզենտիքս) և Իքսեկիզումաբը (Տալց): Ուռուցքային նեկրոզային գործոնի (TNF) արգելակիչներից են էտաներցեպտը (Էնբրել), Ադալիմումաբը (Հումիրա), Ինֆլիքսիմաբը (Ռեմիկադ) և Գոլիմումաբը (Սիմպոնի): Երկու խմբի կենսաբանական միջոցներն էլ օգտագործվում են սակրոիլեիտի բուժման մեջ:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիաներ)
Ֆիզիոթերապևտը կարող է սովորեցնել շարժման տիրույթի և ձգող վարժություններ: Այս վարժությունները նախատեսված են ցավը թեթևացնելու և գոտկատեղն ու ազդրերն ավելի ճկուն պահելու համար: Ամրապնդող վարժությունները օգնում են հոդերի պաշտպանությանը և կեցվածքի բարելավմանը:
Վիրահատական և այլ միջամտություններ
Եթե այլ մեթոդներն ի վիճակի չեն մաղմացնել ցավը, ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ միջամտությունները:
- Ներհոդային ներարկումներ. կորտիկոստերոիդները կարելի է ներարկել հոդի մեջ՝ նվազեցնելու հոդաբորբին ուղեկցող այտուցը և ցավը: Դուք կարող եք ստանալ տարեկան միայն մի քանի ներհոդային ներարկումներ, քանի որ ստերոիդները կարող են թուլացնել մոտակա ոսկորներն ու ջլերը:
- Ռադիոհաճախական դեներվացիա. ռադիոհաճախականության էներգիան կարող է վնասել կամ ոչնչացնել այն նյարդը, որը ցավային ազդանիշները փոխանցում է դեպի գլխուղեղ:
- Էլեկտրական խթանում. գոտկային հատվածում տեղադրված էլեկտրական խթանիչը կարող է օգնել սակրոիլեիտով պայմանավորված ցավի մեղմացմանը:
- Հոդի անշարժացում (միաձուլում). մետաղական հարմարանքներով զստոսկրի և սրբոսկրի միաձուլումը կարող է թեթևացնել սակրոիլեիտի ցավը, թեև այս մեթոդը խիստ հազվադեպ է օգտագործվում:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024