Գրադարան

Կոկորդի ցավ․ պատճառներ

Կոկորդի ցավ․ պատճառներ

Time Read 3 րոպե

Այն վիրուսները, որոնք առաջացնում են մրսածություն և գրիպ, նաև կոկորդի ցավի մեծ մասի պատճառն են:

Ավելի հազվադեպ, կոկորդի ցավ առաջացնում են բակտերիալ վարակները:

Վիրուսային վարակներ

Կոկորդի ցավ առաջացնող վիրուսային հիվանդություններից են՝

  • մրսածություն (սուր շնչառական վիրուսային վարակ)
  • գրիպ (ինֆլուենցա)
  • մոնոնուկլեոզ
  • կարմրուկ
  • ջրծաղիկ
  • կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19)
  • կրուպ՝ տարածված մանկական հիվանդություն, որը բնորոշվում է կոպիտ հաչոցանման հազով:

Բակտերիալ վարակներ

Բազմաթիվ բակտերիալ վարակներ կարող են դառնալ կոկորդի ցավի պատճառ: Ամենատարածվածը թարախածին ստրեպտոկոկն է (Streptococcus pyogenes), որը А խմբի ստրեպտոկոկ է և առաջացնում է ստրեպտոկոկային ֆարինգիտ:

Այլ պատճառներ

Ըմպանաբորբի այլ պատճառները ներկայացված են ստորև:

  • Ալերգիաներ. տնային կենդանիների մորթու կամ թեփի, բորբոսասնկերի, փոշու կամ ծաղկափոշու նկատմամբ ալերգիաները կարող են առաջացնել կոկորդի ցավ: Խնդիրը կարող է բարդանալ հետքթային հոսքով, որը կարող է գրգռել և բորբոքել կոկորդի լորձաթաղանթը:
  • Չոր օդ. տան ներսի չոր օդը կարող է առաջացնել կոկորդի չորության և քերծման զգացողություն: Բերանով շնչելը, հաճախ՝ քթի քրոնիկ փակվածության պատճառով, նույնպես կարող է բերել չոր և ցավոտ կոկորդի:
  • Գրգռիչներ. դրսի օդի աղտոտվածությունը և տան ներսի փոշին, ծխախոտի ծուխը կամ քիմիական նյութերի գոլորշիները կարող են առաջացնել քրոնիկ կոկորդի ցավ: Ծխախոտ ծամելը, ալկոհոլ խմելը և կծու մթերք ուտելը նույնպես կարող են գրգռել ձեր կոկորդը:
  • Մկանների լարվածություն. դուք կարող եք գերլարել ձեր կոկորդի մկանները բղավելիս, բարձրաձայն խոսելիս կամ առանց դադարի երկար ժամանակ խոսելիս:
  • Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ). ԳԷՌՀ-ը մարսողական համակարգի խանգարում է, որի դեպքում ստամոքսի թթուն բարձրանում է վեր՝ դեպի կերակրափող: ԳԷՌՀ-ի մյուս գանգատներից և ախտանիշներից են այրոցքը (изжога), ձայնի խռպոտացումը, ստամոքսի պարունակության ռեգուրգիտացիան և կոկորդում գոյացության զգացողությունը:
  • ՄԻԱՎ վարակ. ըմպանաբորբը և գրիպանման նշաններն ի հայտ են գալիս ՄԻԱՎ-ով վարակվելուց շատ չանցած երբեմն կարող են ի հայտ գալ կոկորդի ցավ և այլ գրիպանման ախտանիշներ: ՄԻԱՎ-դրական մարդկանց մոտ նաև կարող է զարգանալ քրոնիկ կամ կրկնվող կոկորդի ցավ, որի պատճառը կանդիդա տեսակի սունկն է կամ ցիտոմեգալովիրուս կոչվող վիրուսը, որոնք թուլացած իմունային համակարգի պայմաններում կարող են ստանալ լուրջ ընթացք:
  • Ուռուցքներ. կոկորդի, լեզվի կամ ըմպանի չարորակ ուռուցքները կարող են առաջացնել կոկորդի ցավ: Այլ գանգատներից և ախտանիշներից են՝ ձայնի խռպոտացում, կուլ տալու դժվարացում, աղմկոտ շնչառություն, պարանոցի վրա ուռուցքային գոյացություն, արյուն թքում կամ խորխում:

Խիստ հազվադեպ, կոկորդի ցավ կարող է առաջանալ կոկորդի հյուսվածքի վարակված շրջանի (թարախակույտ կամ աբսցես) կամ շնչափողը ծածկող աճառային «կափարիչի»՝ մակկոկորդի այտուցի (էպիգլոտիտ) պատճառով: Երկու վիճակներն էլ կարող են փակել շնչուղիները՝ առաջացնելով անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն:

Ռիսկի գործոններ

Յուրաքանչյուր մարդու մոտ կարող է ի հայտ գալ կոկորդի ցավ, սակայն որոշ գործոններ կարող են ձեզ դարձնել այս վիճակի նկատմամբ ավելի ընկալունակ:

  • Տարիք. կոկորդի ցավն առավել տարածված է երեխաների և դեռահասների շրջանում: 3-ից 15 տարեկան երեխաները նաև ավելի հավանական է, որ հիվանդանան ստրեպտոկոկային ֆարինգիտով՝ կոկորդի ցավի հետ կապված ամենատարածված բակտերիալ վարակով:
  • Ծխախոտի ծխի ազդեցություն. ծխելը և երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելը կարող են գրգռել կոկորդը: Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը նաև բարձրացնում է բերանի, ըմպանի և կոկորդի քաղցկեղների զարգացման ռիսկը:
  • Ալերգիաներ. սեզոնային ալերգիաները կամ փոշու, բորբոսասնկերի կամ տնային կենդանիների մորթու և թեփի նկատմամբ մշտական ալերգիկ ռեակցիաները կարող են մեծացնել կոկորդի ցավի հավանականությունը:
  • Քիմիական գրգռիչների ազդեցություն. հանածո վառելիքների այրումից օդում տարածվող մասնիկները և կենցաղում լայնորեն կիրառվող քիմիական նյութերը կարող են առաջացնել կոկորդի գրգռում:
  • Քթի հարակից խոռոչների (սինուսներ) քրոնիկ կամ հաճախակի վարակներ. սինուսիտներին բնորոշ քթահոսությունը կարող է գրգռել ձեր կոկորդը կամ տարածել վարակը:
  • Մոտիկ տարածություններ. վիրուսային և բակտերիալ վարակները հեշտությամբ տարածվում են մարդկանց կուտակման վայրերում, ինչպիսիք են մսուր-մանկապարտեզները, դասասենյակները, խնամքի կենտրոնները, գրասենյակները կամ օդանավերը:
  • Թուլացած իմունիտետ. ընդհանուր առմամբ թուլացած դիմադրողականության պայմաններում օրգանիզմը վարակների նկատմամբ դառնում է ավելի խոցելի: Թուլացած իմունիտետի տարածված պատճառներից են՝ ՄԻԱՎ, դիաբետ, ստերոիդներով կամ քիմիոթերապևտիկ դեղամիջոցներով բուժում, սթրես, հոգնածություն և թերսնուցում:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-07-2021 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով