Ստրեպտոկոկային ըմպանաբորբ (ֆարինգիտ)

Ստրեպտոկոկային ըմպանաբորբը կամ ֆարինգիտը բերանի խոռոչի հետին պատի՝ ըմպանի ստրեպտոկոկային բորբոքումն է, որն ընթանում է ըմպանի ցավերով և ծակծկոցների զգացումով։
Ստրեպտոկոկային ծագման ըմպանաբորբը կարող է լինել ֆարինգիտների միայն փոքր մասը։
Ի՞նչ է ստրեպտոկոկային ֆարինգիտը
Ստրեպտոկոկային ըմպանաբորբը վարակային հիվանդություն է, որը պատճառվում է «ստրեպտոկոկ» կոչվող բակտերիայով։ Ըմպանի բորբոքումների մեծ մասի պատճառը վիրուսներն են, սակայն երբեմն կարող է տեղ գտնել նաև ստրեպտոկոկը (25%` երեխաների և 10%` չափահասների մոտ)։
Կան ստրեպտոկոկերի տարբեր տեսակներ։ Ըմպանի լուրջ բորբոքում առաջացնող և հակաբիոտիկային բուժում պահանջող բորբոքումները պատճառվում են A խմբի ստրեպտոկոկերով։
Ստրեպտոկոկային ֆարինգիտը խիստ վարակիչ է և հիվանդից առողջ մարդուն կարող է փոխանցվել ուղղակի շփման միջոցով։
Այս հիվանդությունը սովորաբար հանդիպում է դպրոցական տարիքի երեխաների մոտ։ Մինչև 2 տարեկան երեխաները և երեխաների հետ քիչ շփում ունեցող չափահասներն ավելի քիչ հավանական է, որ կունենան ստրեպտոկոկային ծագման ըմպանի բորբոքում։
Ստրեպտոկոկային ֆարինգիտի ախտանիշները
Ստրեպտոկոկային ըմպանաբորբը կարող է դրսևորվել հետևյալ գանգատներով և նշաններով՝
- ցավոտ և կարմրած ըմպան
- կլման ցավոտություն
- ջերմության բարձրացում
- դող և սարսուռ
- գլխացավեր
- մկանային ցավեր և մարմնի կոտրտվածության զգացում
- հոգնածություն
- պարանոցային ավշային գեղձերի այտուցվածություն կամ պնդացում
- ախորժակի անկում։
Ստրեպտոկոկային ֆարինգիտի ախտորոշումը
Բժիշկը կտա ձեր գանգատների և հիվանդության պատմության վերաբերյալ որոշ հարցեր և կզննի ձեր ըմպանը։ Նա կարող է նաև մանրէաբանական հետազոտության համար ձեր ըմպանից կամ նշագեղձերից վերցնել քսուք։ Նման հետազոտության նպատակն է վիրուսային և բակտերիալ վարակների միջև տարբերակում անցկացնելը (վիրուսային ըմպանաբորբը հակաբիոտիկներով բուժում չի պահանջում)։
Ստրեպտոկոկային ֆարինգիտի բուժումը
Եթե բժիշկը կարծում է, որ ձեզ մոտ առկա է ստրեպտոկոկային ֆարինգիտ, նա կարող է նշանակել որևէ հակաբիոտիկ՝ մինչև մանրէաբանական հետազոտության արդյունքների ստանալը։ Շատ կարևոր է, որ դուք ընդունեք բոլոր դեղերն այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը և չդադարեցնեք բուժումը նույնիսկ գանգատների մեղմացումից և ինքնազգացողության բարելավումից հետո, քանի որ հակառակ դեպքում բարձրանում է վարակի կրկնման ռիսկը։
Հիվանդության ախտանիշները կարող են արագ մեղմանալ կամ անհետանալ բուժումը սկսելուց 24 ժամվա ընթացքում, իսկ հազվադեպ՝ տևել 5 օր կամ ավելի երկար։
Չբուժվելու դեպքում դուք կարող եք վարակիչ մնալ 2-3 շաբաթվա ընթացքում, սակայն հակաբիոտիկներ ստանալիս ձեր «վարակիչ» շրջանը կրճատվում է՝ դառնալով մինչև 24 ժամ։
Ստրեպտոկոկային ֆարինգիտի կանխարգելումը
Այս խորհուրդները կարող են օգնել, որ դուք կանխարգելեք ձեր ստրեպտոկոկային վարակի տարածումը և այլ մարդկանց վարակելը։
- Խուսափեք այլ մարդկանց հետ սերտ շփումներից, քանի դեռ հակաբիոտիկներով բուժումը սկսելուց հետո չի անցել առնվազն 24-48 ժամ։
- Հազալիս օգտվեք անձեռոցիկներից և զգուշությամբ նետեք դրանք աղբարկղը։
- Ձեռքերը լվանալը կանխարգելման լավագույն մեթոդն է։ Լվացեք ձեր ձեռքերը սննդամթերքներին, սպասքի առարկաներին և այլ պարագաներին դիպչելուց առաջ։
- Հազալուց հետո կամ մթերքների, սպասքի և այլ առարկաներին ու պարագաների հետ շփվելուց առաջ լավ լվացեք ձեր ձեռքերը։
- Կտորից սրբիչները փոխարինեք միանվագ օգտագործման թղթե արտադրանքներով։
- Խուսափեք սննդի և սպասքի առարկաների ու պարագաների համատեղ օգտագործումից։
- Մի զբաղվեք կերակուր պատրաստելու և խոհանոցային այլ գործերով։
Ստրեպտոկոկային ֆարինգիտով հիվանդները պետք է չհաճախեն մսուր-մանկապարտեզ, նախակրթական հաստատություններ, դպրոց կամ աշխատավայր՝ մինչև դառնան շրջապատի համար ոչ վարակիչ։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021