Գրադարան

Արևայրուք. պատճառներ

Արևայրուք. պատճառներ

Time Read 2 րոպե

Արևայրուքն առաջանում է ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթների չափազանց մեծ ազդեցության հետևանքով:

ՈւՄ ճառագայթները կարող են ստացվել արևից կամ արհեստական աղբյուրներից, ինչպիսիք են արևային լամպերը և սոլյարիները: Կախված ալիքի երկարությունից, տարբերում են երկու տեսակի ՈւՄ ճառագայթներ՝ А և B: A տեսակի ՈւՄ ճառագայթները կարող են ներթափանցել մաշկի խորը շերտեր և ժամանակի ընթացքում հանգեցնել մաշկի վնասման, իսկ B տեսակի ՈւՄ ճառագայթներն ավելի մակերեսորեն են թափանցում մաշկ և առաջացնում են արևայրուք։

Երբ ՈւՄ ճառագայթները վնասում են մաշկի բջիջները, իմունային համակարգն արձագանքում է՝ մեծացնելով արյան հոսքը դեպի տուժած շրջաններ, որն էլ առաջացնում է մաշկի բորբոքում (էրիթեմա): Վերջինս հայտնի է որպես արևայրուք:

Դուք կարող եք արևայրուք ստանալ նաև զով կամ ամպամած օրերին: Մակերևույթները, ինչպիսիք են ձյունը, սառույցը, ավազը և ջուրը, կարող են արտացոլել ՈւՄ ճառագայթները և այրել մաշկը:

Ռիսկի գործոններ

Արևայրուքի ռիսկի գործոնները ներառում են՝

  • սպիտակ (բաց) մաշկ և կարմիր մազեր ունենալը
  • արևայրուքի պատմություն ունենալը
  • ապրելը կամ հանգստանալը արևոտ, տաք կամ բարձր լեռնային վայրերում
  • բացօթյա աշխատանքը
  • լողալը, մաշկը ջրով ցողելը կամ մանկական յուղով օծելը, քանի որ թաց մաշկը ավելի հակված է այրվելուն, քան չոր մաշկը
  • բացօթյա հանգստի և ալկոհոլի օգտագործման համադրությունը
  • անպաշտպան մաշկն արևի ճառագայթներից կամ արհեստական աղբյուրներից, օրինակ՝ սոլյարիներից, ՈւՄ ճառագայթների ազդեցությանը պարբերաբար ենթարկելը
  • այնպիսի դեղամիջոցի ընդունումը, որը մեծացնում է այրվելու հավանականությունը (լուսազգայունացնող դեղամիջոց), օրինակ՝ հակաբիոտիկներ, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչներ, հակադեպրեսանտներ, տրանկվիլիզատորներ, ակնեի բուժման որոշ պատրաստուկներ և այլն:

Հոդվածը տեղադրվել է՝ 28-04-2023 վերանայվել է՝ 28-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով