Արևայրուքի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Բորբոքված մաշկ, որը սպիտակ մաշկի վրա ունի վարդագույն կամ կարմիր տեսք և կարող է ավելի դժվարությամբ երևալ շագանակագույն կամ սև մաշկի վրա
- մաշկ, որը շոշափելիս տաք կամ խիստ տաք է
- ցավ, ցավոտություն և քոր
- այտուցվածություն
- փոքր, հեղուկով լցված բշտիկներ (վկայում է երկրորդ աստիճանի այրվածքի մասին), որոնք կարող են պատռվել և հոսել
- գլխացավ, ջերմություն, սրտխառնոց և հոգնածություն, եթե արևայրուքը ծանր է
- աչքերում ցավ կամ ավազահատիկի զգացողություն:
Մարմնի ցանկացած բաց հատված, ներառյալ ականջի բլթակները, գլխամաշկը և շրթունքները, կարող են այրվել: Նույնիսկ ծածկված շրջանները կարող են այրվել, եթե, օրինակ, հագուստն ունի նոսր գործվածք, որը չի կանխում ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթների թափանցումը: Աչքերը և կոպերը, որոնք չափազանց զգայուն են արևի ուլտրամանուշակագույն լույսի նկատմամբ, նույնպես կարող են այրվել:
Արևայրուկի ախտանիշները հաճախ հայտնվում են արևի տակ մնալուց մի քանի ժամվա ընթացքում, իսկ ուժեղ արևի կամ զգայուն մաշկի դեպքում՝ մինչև 15 րոպեում:
Մի քանի օրվա ընթացքում մարմինը կարող է սկսել ինքնուրույն ապաքինվել՝ մաքրելով վնասված մաշկի վերին շերտը: Ուժեղ արևայրուքը կարող է մի քանի օր շարունակվել՝ մինչև ապաքինվելը: Մաշկի գույնի ցանկացած ձգձվող փոփոխություն սովորաբար ժամանակի ընթացքում անհետանում է:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե դուք՝
- ունեք մեծ բշտիկներ
- ունեք բշտիկներ դեմքի, ձեռքերի կամ սեռական օրգանների վրա
- ունեք տուժած տարածքի ուժեղ այտուցվածություն
- ունեք վարակի նշաններ, ինչպիսիք են թարախային բշտիկները կամ բծերը
- ունեք ցավի սաստկացում, գլխացավ, շփոթվածություն, սրտխառնոց, ջերմություն կամ դող
- ավելի վատ եք զգում, չնայած տնային խնամքին
- ունեք աչքի ցավ կամ տեսողության խանգարումներ:
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ստացել եք արևայրուք և ունեք՝
- 39.4 °C (103 F) և ավելի բարձր ջերմություն՝ փսխումով
- շփոթվածություն
- շփոթվածություն
- ջրազրկում
- սառը մաշկ, գլխապտույտ կամ ուշագնացության զգացում:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024