Արևայրուք. բուժում
21-06-2019
2 րոպե

Արևայրուքի ենթարկված մաշկը ժամերի ընթացքում կարմրում է, իսկ մաշկի ախտահարումը շարունակվում է մոտակա 1-3 օրվա ընթացքում:
Արևայրուք ունեցող մարդկանց մաշկը սկսում է նաև թեփոտվել կամ կճպվել: Վերջինս վնասված և մեռուկացած մաշկային հյուսվածքներն են, որոնցից օրգանիզմը ազատվում է, որպեսզի տեղ բացվի նոր մաշկի առաջացման համար:
Արևայրուքի բուժումը
Եթե ունեք արևի ճառագայթներից մաշկի ախտահարում՝ այրվածք, ապա կարող եք փորձել ինքնօգնության և խնամքի հետևյալ միջոցառումները:
- Ձեր մաշկին ժամանակ տվեք՝ մինչև լիարժեքորեն վերականգնվի: Խուսափեք արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց, քանի դեռ ախտահարված շրջանի կարմրությունը, թեփոտումը կամ ցավը չեն անհետացել:
- Արևայրուքի շրջանում ցավերը մեղմացնելու համար ընդունեք սառը ցնցուղ կամ լոգանք: Այս միջոցը չի կարելի օգտագործել մինչև 5 տարեկան երեխաների համար, քանի դեռ այդ մասին չեք ստացել բժշկի ցուցումը:
- Մի փորձեք դիպչել, առավել ևս՝ «բացել» կամ «պայթեցնել» մաշկային բուշտերը կամ բշտիկները: Եթե դրանք ինքնուրույն բացվում են, ապա մաքրեք այդ շրջանը մաքուր ջրով և ախտահարված շրջանը պահեք մաքուր, որպեսզի խուսափեք մաշկի վարակային բարդություններից:
- Արևահարված շրջաններին մի քսեք և ոչ մի բան, այդ թվում՝ յուղեր, կրեմներ ու քսուկներ, ձեթեր, կարագ, սփրեյ և այլն: Որևէ ապացույց չկա այն մասին, որ որևէ կրեմ կամ հաբ օգտագործելը կարող է զգալիորեն օգնել արևայրուքի ծանրության աստիճանի նվազեցմանը կամ արագացնել մաշկի վերականգնումը:
Հեռու մնացեք արևի ճառագայթներից, քանի դեռ այրված մաշկը լիարժեքորեն չի «մաքրվել»՝ հնարավորինս մնալով ստվերի տակ, կրելով արևապաշտպան գլխարկ և հագուստ:
Երբ տեղային գրգռման կամ բորբոքման նշանները մեղմանում են, կարող եք օգտագործել խոնավացնող քսուքներ, որոնոք թույլ են տալիս մաշկը պահել խոնավ և առաձգական վիճակում: Այն չի կանխարգելում մաշկի թեփոտումը, սակայն նպաստում է, որ նոր մաշկը չվնասվի:
Բժշկի իմացությամբ, մաշկի այտուցը, կարմրությունը կամ ցավը մեղմացնելու համար կարող եք ընդունել Իբուպրոֆեն:
Ծանր արևայրուքի կամ մաշկի արևային այրվածքի դեպքում առանց հետաձգելու դիմեք բուժօգնության: Նույն կերպ, այցելեք ձեր բժշկին, եթե արևահարումից հետո ձեզ մոտ ի հայտ են եկել մաշկային բուշտեր, գլխացավեր, նողկանքի զգացում և փսխումներ, գլխապտույտ կամ ախտահարված շրջանի ուժեղ ցավեր:
Ջրազրկման կանխարգելում
Կարևոր է նաև, որ դուք ստանաք բավարար քանակով մաքուր, ալկոհոլ չպարունակող հեղուկներ: Եթե ունեք որևէ հիվանդություն կամ առողջական խնդիր, ապա ճշտեք ձեր բժշկից, թե օրվա ընթացքում ինչ քանակի ջուր կարող եք ընդունել:
Հոդվածը վերանայվել է՝ 22-04-2021