Արևի ուժեղ, կրկնվող ազդեցությունը, որը հանգեցնում է արևայրուքի, մեծացնում է մաշկի այլ վնասումների և որոշ հիվանդությունների ռիսկը:
Դրանք ներառում են մաշկի վաղաժամ ծերացումը (լուսածերացումը), մաշկի նախաքաղցկեղային ախտահարումը և մաշկի քաղցկեղը:
Մաշկի վաղաժամ ծերացում
Արևի ազդեցությունը և կրկնվող արևայրուքն արագացնում են մաշկի ծերացման գործընթացը: Ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման հետևանքով առաջացած մաշկի փոփոխությունները կոչվում են լուսածերացում: Լուսածերացման հետևանքները ներառում են՝
- շարակցական հյուսվածքների թուլացում, որը նվազեցնում է մաշկի ամրությունն ու առաձգականությունը
- խորը կնճիռներ
- չոր, կոպիտ մաշկ
- նուրբ կարմիր երակներ այտերի, քթի և ականջների վրա
- պեպեններ, հիմնականում դեմքի և ուսերի վրա
- մուգ կամ գունաթափված բծեր (մակուլներ) դեմքի, ձեռքերի դրսային երեսի, թևերի, կրծքավանդակի և մեջքի վերին հատվածում, որոնք նաև կոչվում են արևային լենտիգոներ:
Նախաքաղցկեղային մաշկային ախտահարումներ
Մաշկի նախաքաղցկեղային ախտահարումները կոպիտ, թեփուկավոր բծեր են այն հատվածներում, որոնք վնասվել են արևից: Դրանք հաճախ հայտնաբերվում են այն մարդկանց գլխի, դեմքի, պարանոցի և ձեռքերի արևի տակ գտնվող հատվածներում, որոնց մաշկը հեշտությամբ այրվում է արևի տակ: Այս բծերը կարող են վերածվել մաշկի քաղցկեղի: Դրանք նաև կոչվում են ակտինիկ կերատոզներ և արևային կերատոզներ:
Մաշկի քաղցկեղ
Արևի չափազանց մեծ ազդեցությունը, նույնիսկ առանց արևայրուքների, մեծացնում է մաշկի քաղցկեղի, օրինակ՝ մելանոմայի ռիսկը: ՈւՄ ճառագայթները կարող են վնասել մաշկի բջիջների ԴՆԹ-ն։ Մանկության և պատանեկության հասակում արևայրուքները կարող են մեծացնել մելանոմայի առաջացման ռիսկը:
Մաշկի քաղցկեղը զարգանում է հիմնականում մարմնի այն հատվածներում, որոնք առավել շատ են ենթարկվում արևի ճառագայթմանը, ներառյալ գլխամաշկը, դեմքը, շրթունքները, ականջները, պարանոցը, կրծքավանդակը, դաստակները, ձեռքերը, ոտքերը և մեջքը:
Մաշկի քաղցկեղի որոշ տեսակներ առաջանում են որպես փոքր գոյացություն կամ վերք, որը հեշտությամբ արյունահոսում է, կեղևակալում, ապաքինվում և նորից բացվում: Մելանոմայի դեպքում գոյություն ունեցող խալը կարող է փոխվել, կամ կարող է աճել նոր կասկածելի տեսք ունեցող խալ:
Այցելեք ձեր բժշկին, եթե նկատում եք՝
- մաշկային նոր գոյացություն
- մաշկի անհանգստացնող փոփոխություն
- խալի տեսքի կամ բնույթի (կազմության) փոփոխություն
- մաշկի խոց, որը չի փակվում:
Աչքի վնասում
Չափից շատ ՈւՄ ճառագայթումըսը վնասում է եղջերաթաղանթը: Արևից ոսպնյակի վնասումը կարող է հանգեցնել պղտորման (կատարակտ): Արևից այրված աչքերը կարող են ցավոտ կամ առաջացնել աչքում ավազի զգացողության: Եղջերաթաղանթի արևայրուքը նաև կոչվում է ձյունակուրություն: Այս տեսակի վնասումը կարող է առաջանալ արևի, եռակցման, մաշկի թխեցման լամպերի և սնդիկի գոլորշու կոտրված լամպերի պատճառով:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024