Առողջական խնդիրներ

Արևայրուք

Արևայրուք

Time Read 3 րոպե

Արևայրուքը կարող է դառնալ վտանգավոր և բարձրացնել մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի ռիսկը։

Ի՞նչ է արևայրուքը

Արևայրուքը մաշկի վնասումն է՝ առաջացած արևի ճառագայթների ազդեցությունից։ Մաշկը վնասում են գլխավորապես ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթները։ Այս ճառագայթների մեծ չափաբաժիններն առաջացնում են մաշկի տաքացում, կարմրություն և ցավոտություն։ Ծանր արևայրուքը կարող է հանգեցնել մաշկի ջերմային այրվածքի։

Բոլոր մարդիկ էլ կարող են արևայրուք ստանալ՝ անկախ ռասայից կամ մաշկի գույնից։ Ընդ որում, արևայրուք ստանալու համար շատ ժամանակ պետք չէ. այն կարող է զարգանալ, եթե անամպ ամառային օրը շուրջ 15 րոպե անընդմեջ մնաք արևի ուղղակի ճառագայթների ներքո։

Անպայման կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ստացել եք սուր արևայրուք կամ ձեր մաշկը դարձել է խիստ ցավոտ, նրա վրա հայտնվել են բշտիկներ կամ զարգացել է գլխացավ, սրտխառնոց և փսխումներ։

Ինչպե՞ս կանխազգալ ճառագայթումը

ՈւՄ ճառագայթումը ձեր առողջությանը վտանգ ներկայացնող ազդեցություն է, որը չեք տեսնում և չեք զգում։ Ճառագայթման այս տեսակը կարող է լինել բարձր նունիսկ զով կամ ամպամած օրերին, ինչը նշանակում է, որ արևից պատշտպանվելու հարցը որոշելիս չեք կարող հիմնվել միայն երկնքի անամպ լինելու կամ օդի ջերմաստիճանի վրա։

Օդերևութաբանական ծառայությունները սովորաբար տրամադրում են ՈւՄ ճառագայթման ուժգնության վերաբերյալ տեղեկություններ, սակայն այդ ցուցանիշները վերաբերվում են միայն տվյալ օրվա միջինին, այլ ոչ թե օրվա կոնկրետ ժամին։

Պետք է հիշել նաև, որ մաշկի այրվածք կամ արևայրուք կարելի է ստանալ նաև բացօթյա ջրավազանում լողալիս կամ ձյան պայմաններում։ Վերջին դեպքում արևի ճառագայթներն անդրադարձվում են ձյունից, սառույցից կամ ջրից և կարող են դրսևորել իրենց բացասական ազդեցությունները։

Որոշ երկրներում օդերևութաբանական ծառայությունները յուրաքանչյուր օրվա համար զեկուցում են նաև ՈՒՄ գործակիցը, և եթե այն նորմից 3 անգամ կամ ավելի բարձր է, ապա պետք է դիմել արևապաշտպան միջոցներին։

Արդյոք երեխաներն ավելի զգայո՞ւն են արևայրուքի նկատմամբ

Ապացուցված է, որ մանկական հասակում ՈւՄ ճառագայթների ազդեցությանը ենթարկվելը բարձրացնում է հետագա կյանքում մաշկի քաղցկեղի ռիսկը։

Արևից ճիշտ պաշտպանությունը ոչ միայն նվազեցնում է երեխաների մոտ մաշկի և աչքերի ախտահարումը, այլև ապահովում մաշկում վիտամին D-ի արտադրությունը, ինչն անհրաժեշտ է նրանց ոսկրային համակարգի զարգացման և առողջ պահպանման համար։

Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ երեխաների մաշկն ավելի զգայուն է և կարող է արևից արագ վնասվել։ Կան հատուկ արևապաշտպան քսուքներ, որոնք կարող են օգտագործվել երեխաների մոտ արևարյուքը կանխարգելելու համար։

Անհրաժե՞շտ է արդյոք արևի տակ լինելիս փակել բոլոր մաշկային խալերը և պեպենները

Մաշկային խալերի և պեպենների մեծաթիվ լինելը բարձրացնում է մելանոմաների զարգացման հավանականությունը, ուստի նման դեպքերում անհրաժեշտ է արևից լրացուցիչ պաշտպանություն։ Արևի ուղիղ ճառագայթներից ձեր մաշկը կարող եք պաշտպանել թեթև պաշտպանիչ հագուստով, ամառային լայեզր գլխարկով (որը պաշտպանում է դեմքը, պարանոցը և ականջները), արևային ակնոցով և ստվերի, այլ ոչ թե արևի տակ ժամանակ անցկացնելով։ Հետևեք ձեր մաշկին և տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ձեր խալերի կամ պեպենների փոփոխություններ եք նկատում։

Եթե ես չմնամ արևի տակ, կարո՞ղ է ինձ մոտ վիտամին D-ի դեֆիցիտ զարգանալ

Արևից պաշտպանվելը չի բարձրացնում վիտամին D-ի անբավարարության ռիսկը։ Մարդկանց մեծ մասն իր օրական վիտամին D-ի անհրաժեշտ մակարդակը ստանում է դրսում առօրյա գործառույթների ժամանակ։ Նույնը կարելի է ասել ձմեռային ամիսների համար:

Զրուցեք ձեր բժշկի հետ այն թեմաներով, թե արդյոք ունեք վիտամին D-ի լրացուցիչ քանակներ ստանալու կարիք:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-06-2018 վերանայվել է՝ 22-04-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով