Բազմաթիվ երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) գործում է 6 ամսական և ավելի մեծերի համար տարեկան գրիպի դեմ պատվաստման ծրագրեր:
Ընդ որում, յուրաքանչյուր տարվա սեզոնային գրիպի պատվաստանյութը պաշտպանում է տվյալ տարվա գրիպի ամենատարածված երեք (եռավալենտ) կամ չորս (քառավալենտ) վիրուսներից, քանի որ այն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան: Գրիպի դեմ պատվաստումը կարող է կրճատել վարակվելու, իսկ վարակվելիս՝ ծանր և բարդություններով տանելու, այսպիսով նաև՝ տանը մնալու կամ հիվանդանոցային բուժման ռիսկը:
Գրիպի դեմ պատվաստումն առանձնահատուկ նշանակություն ստացավ 2020-21 թվականներին, երբ տարածված էր համանման գանգատներով ընթացքով կորոնավիրուսային հիվանդություն 2019-ը (COVID-19):
Գրիպի պատվաստանյութը մատչելի է ներարկման և քթային սփրեյի ձևով: Քթային սփրեյն օգտագործվում է 2-49 տարեկան առողջ մարդկանց համար և խորոհուրդ չի տրվում որոշ խմբերին՝ հղի կանայք, 2-4 տարեկան ասթմայով կամ խզզոցներով երեխաներ և իմունային խանգարումներով մարդիկ:
Գրիպի դեմ պատվաստումը հատկապես կարևոր է որոշ նպատակային խմբերի համար, որոնք ունեն վարակի ծանր ընթացքի բարձր ռիսկ՝ հղի կանայք, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի մեծահասակները, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, բուժաշխատողները, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը (զինծառայողներ, դպրոց ինտերնատներ, մանկատներ, ծերանոցներ, հոգեկան առողջության կենտրոններ):
Գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է, բայց երբեմն, պատվաստումից հետո 1-2 օր ներարկման հատվածում կարող են նկատվել թեթև ցավ, քոր կամ կարմրություն։
Այս միջոցները նույնպես օգնում են գրիպի կանխարգելմանը և սահմանափակում վարակի տարածումը:
- Լիարժեք և հաճախակի լվացեք ձեր ձեռքերը. օգտագործեք օճառ և հոսող ջուր, կամ եթե դրանք չկան, օգտագործեք ալկոհոլային հիմքով մաքրիչներ:
- «Ծածկեք» ձեր հազը և փռշտոցը. հազացեք կամ փռշտացեք անձեռոցիկի մեջ կամ ծալված արմունկի վրա, որից հետո անձեռոցիկը նետեք աղբամանը և լվացեք ձեր ձեռքերը:
- Խուսափեք ձեր դեմքին հպվելուց. մի՛ հպվեք ձեր աչքերին, քթին և բերանին:
- Մաքրեք մակերեսները. կանոնավոր մաքրեք հաճախակի հպվող մակերեսները, որ կանխարգելեք վիրուսով վարակված մակերեսներից վարակի տեղափոխումն այլ մակերեսներ:
- Խուսափեք շփումներից. հնարավորության դեպքում հեռու մնացեք մարդկանց կուտակումներից և պահպանեք 2 մետր շառավղով սոցիալական հեռավորություն: Ուղղակիորեն մի՛ շփվեք վատառողջների հետ: Վատառողջ լինելու դեպքում մնացեք տանը և մեկուսացեք ձեր ընտանիքի մյուս անդամներից:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-11-2019
Վերջին վերանայում՝ 04-04-2024