Խոզի գրիպ (H1N1)
2009 թվականի գարնանը գիտնականները հայտնաբերեցին գրիպի վիրուսի առանձնահատուկ շտամ, որը կոչվեց H1N1: 2009-2010 թվականների «գրիպի սեզոնին» H1N1-ը մարդկանց մոտ առաջացրեց շնչառական վարակ, որը լայնորեն սկսեց անվանվել որպես «խոզի գրիպ» (թեև իրականում այն հանդիսանում էր խոզերի, թռչունների և մարդկանց վիրուսների կոմբինացիա):
Նույն ժամանակահատվածում աշխարհով մեկ հազարավոր մարդիկ վարակվեցին H1N1 վիրուսով և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրիպի այս տեսակը բնորոշեց որպես գլոբալ պանդեմիա (վերջինիս ավարտը հայտարարվեց 2010-ի օգոստոսին):
2011-ից սկսած, գրիպի վիրուսի մեկ այլ շտամ՝ H3N2v-ն սկսեց շրջանառել մարդկանց շրջանում և առաջացնել գրիպ: Ինչպես H1N1, այնպես էլ H3N2v շտամները ներառված են եղել 2018-19 թվականների գրիպի պատվաստանյութի մեջ:
Ինչպե՞ս է խոզի գրիպի վիրուսը տարածվում
Գրիպի վիրուսներն ախտահարում են ձեր քթի խոռոչի, ըմպան-կոկորդի և թոքերի լորձաթաղանթները: Վիրուսը մուտք է գործում ձեր օրգանիզմ, երբ դուք ներշնչում եք վարակված մանրագույն կաթիլները (օդակաթիլային ճանապարհ) կամ կենդանի վիրուսները վարակված մակերեսներից տեղափոխում եք ձեր աչքերը, քիթը կամ բերանը:
Դուք չեք կարող վարակվել խոզի գրիպով խոզի միս ընդունելու միջոցով:
Խոզի գրիպի ախտանիշները
Խոզի գրիպի գանգատներն ու ախտանիշները նման են գրիպի այլ շտամներից հարուցված հիվանդության դրսևորումներին և կարող են ներառել՝
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում (ոչ միշտ)
- դող և սարսուռ
- հազ
- ցավոտ ըմպան
- հոսող կամ փակ քիթ
- ջրակալած, կարմրած աչքեր
- մկանացավեր
- գլխացավ
- ընդհանուր թուլություն
- փորլուծություն
- սրտխառնոց և փսխում:
Այս նշանները կարող են զարգանալ H1N1 վիրուսով վարակվելուց հետո 1-3 օրվա ընթացքում:
Ե՞րբ դիմել բժշկին
Բժշկին դիմելու կարիք չկա, եթե ձեր ընդհանուր առողջական վիճակը նորմալ է և գրիպի գանգատներն էլ տանելի են: Այնուամենայնիվ, բժշկի խորհրդատվության և զննման անհրաժեշտությունն առաջ է գալիս, երբ գրիպի նշանները զարգանալիս դուք հղի եք կամ ունեք որևէ քրոնիկ առողջական խնդիր, օրինակ՝ ասթմա, էմֆիզեմա, դիաբետ, սրտային հիվանդություն և գրիպի բարդությունների ռիսկը բարձրացնող այլ հիվանդություններ կամ վիճակներ:
Խոզի գրիպի բարդությունները
Գրիպի բարդություններից են՝
- առկա քրոնիկ հիվանդության սրացում կամ ծանրացում (օրինակ՝ սրտանոթային հիվանդության կամ ասթմայի)
- թոքաբորբ (պնևմոնիա)
- նյարդաբանական խանգարումներ՝ սկսած շշմածությունից մինչև ցնցումներ
- շնչառական անբավարարություն:
Խոզի գրիպի բուժումը
Գրիպով, այդ թվում՝ խոզի գրիպով հիվանդ մարդկանց մեծ մասի համար բավարար է միայն ախտանիշային բուժումը: Քրոնիկ շնչառական հիվանդության առկայության դեպքում բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ դեղեր:
Գոյություն ունեն ամերիկյան FDA-ի կողմից հաստատված հակավիրուսային դեղեր, որոնք երբեմն նշանակվում են գրիպի ախտանիշների առաջացման առաջին 1-2-րդ օրը, որպեսզի մեղմացվի հիվանդության ծանրության աստիճանը և կրճատվի բարդությունների ռիսկը: Դրանցից են՝
- Օսելտամիվիր (Տամիֆլու)
- Զանամիվիր (Ռելենզա)
- Պերամիվիր (Ռապիվաբ)
- Բալօքսավիր (Քսոֆուզա):
Այնուամենայնիվ, գրիպի վիրուսները կարող են այս դեղերի նկատմամբ դառնալ կայուն:
Տնային միջոցներ
Գրիպի ցանկացած տեսակի դեպքում ձեր գանգատները կարող են արդյունավետ կերպով մեղմացվել նաև այս միջոցներով՝
- առատ հեղուկների ընդունում. ընտրեք ջուր, գոլ սուպեր և հյութեր, որպեսզի կանխարգելեք ջրազրկումը
- հանգիստ. անկողնային ռեժիմը և ավելցուկային քունը օգնում են ձեր օրգանիզմի դիմադրողականության (իմունիտետ) բարելավմանը
- ցավազրկողներ՝ ըստ անհրաժեշտության. առանց դեղատոմսի դուրս գրվող ցավազրկողները կարող են օգտագործվել ուժեղ գլխացավերի կամ բարձր ջերմության դեպքում: Խուսափեք երեխաներին կամ դեռահասներին Ասպիրին նշանակելուց:
Խոզի գրիպի տարածման կանխարգելումը
- Վատառողջ լինելու դեպքում մնացեք տանը և մեկուսացեք ձեր ընտանիքի մյուս անդամներից:
- Օճառով և հոսող ջրով հաճախակի և լիարժեք լվացեք ձեր ձեռքերը (կամ մաքրեք մանրէասպան այլ միջոցներով), հատկապես՝ ձեր դեմքին հպվելուց առաջ, սնունդ պատրաստելուց կամ ընդունելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո և այլն:
- Հազալիս կամ փռշտալիս փակեք ձեր բերանը և քիթը միանգամյա օգտագործման անձեռոցիկով, որն օգտագործելուց անմիջապես հետո նետեք աղբարկղը (և լվացեք ձեռքերը):
- Խուսափեք այլ մարդկանց հետ ուղղակիորեն շփվելուց և պահպանեք 2 մետր շառավղով «սոցիալական հեռավորություն»:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021