Skip to main content

Բազմաթիվ տեսակի խնդիրներ՝ սկսած տրավմատիկ վնասվածքներից մինչև հիվանդություններ և այլ վիճակներ, կարող են ծնկի այտուցի պատճառ դառնալ:

Վնասվածքներ

Ձեր ծնկան ցանկացած հատվածի վնասումը կարող է առաջացնել ծնկահոդում ավելցուկային հեղուկի կուտակում: Վնասվածքները, որոնք կարող են պատճառել հեղուկի կուտակում ծնկահոդի մեջ և շրջակայքում, ներառում են հետևյալը՝

  • պատռված կապաններ, մասնավորապես, առաջային խաչաձև կապանի պատռվածք
  • աճառի (մենիսկի) պատռվածք
  • գերօգտագործման հետ կապված գրգռում
  • կոտրված ոսկորներ

Առաջային խաչաձև կապանի վնասվածքներ

Առաջային խաչաձև կապանը (ԱԽԿ) այն առանցքային կապաններից մեկն է, որոնք օգնում են ծնկահոդի կայունացմանը: Այս կապանն ազդրոսկրը կապում է սրունքի ոլոքին (մեծ ոլոք): Այն առավել հաճախ պատռվում է մարզական այնպիսի գործունեության ժամանակ, որը ներառում է հանկարծակի կանգեր և շարժման ուղղության փոփոխություններ, ինչպիսիք են բասկետբոլը, ֆուտբոլը, թենիսը և վոլեյբոլը:

Հիվանդություններ և վիճակներ

Մի շարք հիվանդություններ ու վիճակներ կարող են առաջացնել հեղուկի կուտակում ծնկահոդի մեջ և դրա շուրջը: Դրանցից են՝

  • օստեոարթրիտ
  • վարակ
  • պոդագրա (հոդատապ)
  • կեղծ պոդագրա (պսևդոպոդագրա )
  • բուրսիտ (բարձիկաբորբ)՝ ծնկահոդի ձուսպապարկի բորբոքում
  • կիստա
  • ուռուցքներ:

Ռիսկի գործոններ

Ծնկահոդի այտուցման ռիսկը մեծացնող գործոնները ներառում են հետևյալը:

  • Տարիք. տարիքի մեծացման հետ բարձրանում է արթրիտի (հոդաբորբի) հետ կապված այտուցված ծնկի առաջացման հավանականությունը:
  • Մարզաձևեր. մարդիկ, ովքեր մասնակցում են ծնկի պտտում պահանջող մարզաձևերին, ինչպիսին է բասկետբոլը, ավելի հավանական է, որ առնչվեն ծնկի վնասվածքների այն տեսակների հետ, որոնք առաջացնում են այտուց:
  • Գիրություն. ավելորդ քաշն ավելացնում է ծնկահոդերի ծանրաբեռնվածությունը՝ նպաստելով հյուսվածքների և հոդերի լարվածությանը և ծնկի դեգեներացիային (քայքայմանը կամ մաշվածությանը), որը կարող է հանգեցնել այտուցված ծնկի:

Հոդվածը հրապարակվել է՝ 18-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024