Ձեռքի բթամատի արթրիտի կամ արթրոզի վաղ փուլերում բուժումը սովորաբար ներառում է ոչ վիրահատական բուժումների զուգակցում:
Եթե արթրիտը ծանր է, կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն:
Դեղամիջոցներ
Ցավը մեղմացնելու համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալը:
- Տեղային դեղամիջոցներ, ինչպիսիք են Կապսաիցինը կամ Դիկլոֆենակը, որոնք պետք է քսել ախտահարված հոդը ծածկող մաշկին:
- Սովորական ցավազրկողներ, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե):
- Ավելի ուժեղ` դեղատոմս պահանջող ցավազրկողներ, ինչպիսիք են Ցելեկոքսիբը (Ցելեբրեքս) կամ Տրամադոլը (Կոնզիպ, Ուլտրամ):
Բեկակալ (ֆիքսատոր, օրթեզ, շինա)
Բեկակալը կարող է աջակցել ձեր հոդին և սահմանափակել ձեր բթամատի և դաստակի շարժումը: Դուք կարող եք կրել այն միայն գիշերվա ընթացքում կամ ամբողջ օրը:
Բեկակալները կարող են օգնել՝
- ցավի նվազեցմանը
- հոդի ճիշտ դիրքի օժանդակմանը, երբ կատարում եք որևէ գործ
- հոդի համար հանգիստ վիճակի ապահովմանը:
Ներարկումներ
Եթե ցավազրկող միջոցները և բեկակալի օգտագործումն արդյունավետ չեն, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ երկար ազդող կորտիկոստերոիդային դեղամիջոցի ներհոդային ներարկում: Կորտիկոստերոիդային ներարկումները կարող են ժամանակավորապես թուլացնել ցավերը և մեղմացնել բորբոքումը:
Վիրահատություն
Եթե ձեր արթրիտը չի արձագանքում այլ բուժումներին կամ եթե հազիվ եք կարողանում ծալել և տարածել ձեր բութ մատը, բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ վիրահատական միջամտություններից մեկնումեկը:
- Հոդի միաձուլում (արթրոդեզ). վնասված հոդի ոսկորները մշտապես ամրացվում են միմյանց: Միաձուլված հոդը կարող է ծանրություն կրել առանց ցավի, սակայն չունի որևէ ճկունություն:
- Օստեոտոմիա. այս դեպքում փոփոխվում են տուժած հոդի ոսկորների դիրքերը, որը կարող է օգնել ձևափոխության ուղղմանը:
- Տրապեզիէկտոմիա. այս դեպքում հեռացվում է ձեր բթամատի հոդի (տրապեզիա) ոսկորներից մեկը:
- Հոդի փոխարինում (արթրոպլաստիկա). այս դեպքում վնասված հոդն ամբողջապես կամ դրա մի մասը հեռացվում է, որը փոխարինվում է ձեր ջլերից պատրաստված պատվաստուկով:
Այս բոլոր վիրահատությունները կարող են կատարվել ամբուլատոր պայմաններում: Վիրահատությունից հետո սովորաբար ձեր բթամատը և դաստակը մինչև վեց շաբաթվա ընթացքում անշարժացվում են գիպսով կամ բակակալով: Գիպսը հեռացնելուց հետո դուք կարող եք ֆիզիոթերապիա անցնել, որը կօգնի ձեր դաստակի ուժի ու շարժունակության վերականգնմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024