Վահանաձև գեղձի քաղցկեղները դասակարգվում են ըստ ուռուցքում հայտնաբերված բջիջների տեսակի:
Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակը որոշվում է, երբ ուռուցքային հյուսվածքի նմուշը զննվում է մանրադիտակով: Քաղցկեղի տեսակը հիմք է հանդիսանում բուժման ճիշտ մեթոդի ընտրության և հիվանդության ելքի կանխատեսման համար (պրոգնոզ):
Ստորև ներկայացվում են վահանաձև գեղձի քաղցկեղի հիմնական տեսակները։
- Վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ. սա վահանաձև գեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակն է (դեպքերի 70-75%), որը սկսվում է հորմոններ արտադրող և պահեստավորող ֆոլիկուլյար բջիջներից: Պապիլյար քաղցկեղը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն հաճախ ախտորոշվում է 30-50 տարեկան մարդկանց շրջանում: Բժիշկները երբեմն պապիլյար և ֆոլիկուլյար քաղցկեղները միավորում են որպես տարբերակված (կամ բարձր տարբերակված) վահանաձև գեղձի քաղցկեղ:
- Վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղ. ֆոլիկուլյար քաղցկեղը երկրորդ ամենատարածված տեսակն է (դեպքերի 10-20%), որը նույնպես սկսվում է վահանաձև գեղձի ֆոլիկուլյար բջիջներից, սակայն ավելի հաճախ հանդիպում է 50-ն անց մարդկանց շրջանում: Ֆոլիկուլյար քաղցկեղի հազվադեպ, սակայն ավելի ագրեսիվ ենթատեսակ է Հուրթլե (Hurtle) բջջային քաղցկեղը:
- Վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղ. անապլաստիկ քաղցկեղը վահանաձև գեղձի հազվադեպ հանդիպող քաղցկեղի տեսակ է, որը սկսվում է ֆոլիկուլյար բջիջներից, աճում է խիստ արագ և դժվար է ենթարկվում բուժմանը: Վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղը տիպիկ դեպքերում զարգանում է 60-ն անց մարդկանց շրջանում և որպես ագրեսիվ կարցինոմա արագորեն տարածվում է շրջակա հյուսվածքներ և հեռավոր օրգաններ:
- Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղ. մեդուլյար քաղցկեղը սկսվում է կալցիտոնին հորմոն արտադրող C-բջիջներից։ Արյան մեջ կալցիտոնինի բարձրացած մակարդակները կարող են հիվանդության ամենասկզբնական շրջանում վկայել վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի մասին: Որոշ գենետիկական համախտանիշներ բարձրացնում են մեդուլյար քաղցկեղի ռիսկը, սակայն այսպիսի գենետիկական կապվածությունը տարածված չէ:
- Այլ հազվադեպ տեսակներ. վահանաձև գեղձի քաղցկեղի խիստ հազվադեպ տեսակներից են լիմֆոման, որը սկսվում է գեղձի իմունային համակարգի բջիջներից և սարկոման, որը սկսվում է գեղձի շարակցական հյուսվածքից:
Ռիսկի գործոններ
Կան որոշ գործոններ, որոնք կարող են բարձրացնել վահանաձև գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
- Իգական սեռ. վահանաձև գեղձի քաղցկեղներն ավելի հաճախ հանդիպում են կանանց, քան տղամարդկանց շրջանում:
- Ճառագայթման բարձր մակարդակների ազդեցություն. գլխի կամ պարանոցի շրջանին ուղղված ճառագայթային թերապիան բարձրացնում է վահանաձև գեղձի քաղցկեղի ռիսկը:
- Որոշ ժառանգված գենետիկ համախտանիշներ. վահանաձև գեղձի քաղցկեղի ռիսկը բարձրացնող գենետիկ համախտանիշներից են՝ ընտանեկան մեդուլյար վահանաձև գեղձի քաղցկեղ, բազմակի ներզատական նեոպլազիա, Կոուդենի համախտանիշ և ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզ:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024