Վահանաձև գեղձի քաղցկեղն ախտորոշելիս բժիշկն օգտվում է մի շարք թեստերից և միջամտություններից։
- Զննում. բժիշկը կզննի պարանոցը, որ հայտնաբերի վահանաձև գեղձի արտաքին փոփոխություններ, օրինակ՝ հանգույցներ: Բժիշկը նաև կտա հնարավոր ռիսկի գործոնների հետ կապված հարցեր, ինչպիսիք են անցյալում ճառագայթման ազդեցության ենթարկվելը կամ վահանաձև գեղձի ուռուցքների վերաբերյալ ընտանեկան պատմությունը:
- Արյան թեստեր. արյան թեստերն օգնում են գնահատելու վահանաձև գեղձի գործունեությունը:
- Գերձայնային պատկերում (սոնոգրաֆիա). գերձայնային հետազոտությունն օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ, որ ստացվեն ներքին օրգանների և կառուցվածքների սոնոգրաֆիկ պատկերներ: Վահանաձև գեղձի պատկերները ստանալու համար սոնոգրաֆիստը տվիչը կամ տրանսդյուսերը (датчик) հպում է պարանոցի ստորին հատվածներին: Այս հետազոտությունը բժշկին թույլ է տալիս որոշել, թե արդյոք վահանաձև գեղձում առկա հանգույցն ավելի հավանական է, որ կլինի ոչ քաղցկեղային (բարորակ) կամ արդյոք առկա է ռիսկ, որ այն կարող է լինել քաղցկեղային (չարորակ):
- Վահանաձև գեղձի հյուսվածքից նմուշառում (բիոպսիա). բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի ժամանակ բժիշկը գերձայնի ուղղորդմամբ վահանաձև գեղձի հանգույցից վերցնում է բջիջներ կամ բջջախմբեր, որոնք ուղարկվում են լաբորատոր հետազոտության: Բիոպսիան թույլ է տալիս հաստատել (կամ ժխտել) քաղցկեղային բջիջների առկայությունը, ինչպես նաև որոշել քաղցկեղի տեսակը:
- Այլ պատկերային հետազոտություններ. ելնելով կոնկրետ իրավիճակից, բժիշկը կարող է խորհուրդ տալ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) կամ ատոմային պատկերային հետազոտություններ (ռադիոակտիվ յոդով սցինտիգրաֆիա), որ որոշի, թե արդյոք քաղցկեղը տարածվել է գեղձի սահմաններից դուրս:
- Գենետիկ թեստավորում. վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղով որոշ մարդիկ կարող են ունենալ գենետիկ փոփոխություններ, որոնք կարող են կապված լինել ներզատական քաղցկեղների հետ: Ընտանեկան պատմությունը (ժառանգական նախատրամադրվածություն) կարող է հուշել բժշկին, որ խորհուրդ տա գենետիկ թեստավորում: Վերջինս թույլ է տալիս հայտնաբերել գեներ, որոնք բարձրացնում են քաղցկեղի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024