Skip to main content

Բուժում - ՔՍՀ հիվանդություն

Որոշ դեպքերում քունքստործնոտային հոդի (ՔՍՀ) հիվանդությունների ախտանիշները կարող են անհետանալ առանց բուժման:

Եթե ձեր ախտանիշները շարունակվում են, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ բուժման տարբեր տարբերակներ, որոնք հաճախ պետք է իրականացնել միաժամանակ:

Դեղորայքային բուժում

Այլ ոչ վիրաբուժական բուժումների (թերապիաների) հետ միասին, այս դեղորայքային տարբերակները կարող են օգնել ՔՍՀ-ի հիվանդությունների հետ կապված ցավի թեթևացմանը:

  • Ցավազրկողներ և հակաբորբոքայիններ. եթե սովորական ցավազրկող դեղերը բավարար չեն ՔՍՀ-ի պատճառած ցավը թեթևացնելու համար, ձեր բժիշկը կամ ատամնաբույժը կարող են կարճ ժամանակով նշանակել ավելի ուժեղ ցավազրկողներ:
  • Տրիցիկլիկ հակադեպրեսանտներ. այս դեղամիջոցները, ինչպիսին է Ամիտրիպտիլինը, սովորաբար նշանակվում են դեպրեսիայի դեպքում, սակայն ցածր դեղաչափերով երբեմն կարող են առաջարկվել ցավազրկման, բրուքսիզմի վերահսկման և անքնության համար:
  • Մկանային թուլացնող միջոցներ (միոռելաքսանտներ). այս դեղամիջոցները երբեմն օգտագործվում են մի քանի օր կամ շաբաթ, որը թույլ է տալիս մեղմացնել մկանային կծկանքից (սպազմից) առաջացած ՔՍՀ-ի հիվանդությունների առաջացած ցավը:

Թերապիաներ

ՔՍՀ-ի հիվանդությունների բուժման ոչ դեղորայքային բուժումները (թերապիաները) ներառում են հետևյալը:

  • Բերանային հարմարանքներ, սպլինտներ և այլ օկլուզիվ միջոցներ. հաճախ ծնոտի ցավ ունեցող մարդկանց օգնում է ատամների վրա տեղադրված փափուկ կամ ամուր սարք կրելը, սակայն դրանց օգտակար լինելու հիմնավորումները լավ պարզաբանված չեն:
  • Ֆիզիոթերապիա. ծնոտի մկանների ձգման և ամրապնդման վարժանքների հետ մեկտեղ ֆիզիոթերապևտիկ միջոցառումները նաև կարող են ներառել գերձայնը, խոնավ ջերմությունը կամ սառույցը:
  • Խորհրդատվություն. կրթությունն ու խորհրդատվությունը կարող են օգնել ձեզ հասկանալու այն գործոններն ու վարքագծերը, որոնք կարող են սաստկացնել ձեր ցավը: Վերահսկելով դրանք, դուք կկարողանաք խուսափել ՔՍՀ-ի պատճառած խնդիրներից: Օրինակներից են ատամները սեղմելը կամ կրճտացնելը, կզակին հենվելը կամ եղունգները կրծելը:

Վիրահատական կամ այլ միջամտություններ

Երբ այլ մեթոդները չեն օգնում, ձեր բժիշկը կարող է առաջարկել որոշ միջամտություններ:

  • Արթրոցենտեզ. արթրոցենտեզը նվազագույն ինվազիվ միջամտություն է, որը ներառում է փոքրիկ ասեղների տեղադրում հոդի մեջ, որոնց միջոցով լվացվում-ոռոգվում է հոդի խոռոչը (իռիգացիա)՝ հեռացնելու բեկորները և բորբոքային կողմնակի նյութերը:
  • Ներարկումներ. որոշ մարդկանց կարող են օգտակար լինել կորտիկոստերոիդների ներհոդային ներարկումները: Հազվադեպ, ծնոտի ծամիչ մկանների մեջ A տեսակի բոտուլոտոքսինի ներարկումը (բոտեքս և այլն) կարող է թեթևացնել ՔՍՀ-ի հիվանդությունների հետ կապված ցավը:
  • ՔՍՀ-ի արթրոսկոպիա. որոշ դեպքերում ՔՍՀ-ի տարբեր տեսակի հիվանդությունների բուժման համար արթրոսկոպիկ վիրահատությունը կարող է նույնքան արդյունավետ լինել, որքան հոդերի բաց վիրահատությունը: Փոքր բարակ խողովակը (կանուլա) տեղադրվում է հոդաճեղքի մեջ, այնուհետև դրա լուսանցքով ներմուծվում է տեսախցիկ (արթրոսկոպ), իսկ վիրահատության համար՝ փոքր բարակ վիրաբուժական գործիքներ: ՔՍՀ-ի արթրոսկոպիան ավելի քիչ ռիսկեր և բարդություններ ունի, քան հոդերի բաց վիրահատությունը, սակայն ունի նաև որոշակի սահմանափակումներ:
  • Ձևափոխված (մոդիֆիկացված) կոնդիլոտոմիա. մոդիֆիկացված կոնդիլոտոմիան ՔՍՀ-ի վրա ազդում է անուղղակիորեն, քանի որ այս դեպքում վիրահատվում է ստորին ծնոտը, բայց ոչ՝ բուն հոդը: Այն կարող է օգտակար լինել այն դեպքերում, երբ առկա է ՔՍՀ-ի անշարժացում կամ տևական անհանգստացնող ցավեր:
  • Հոդի բաց վիրահատություն (արթրոտոմիա). եթե ավելի պահպանողական բուժումներով ձեր ծնոտի ցավը չի վերանում և հավանական է, որ այն պայմանավորված է հոդի կառուցվածքային խնդրով, ձեր բժիշկը կամ ատամնաբույժը կարող են առաջարկել հոդի բաց վիրահատություն (արթրոտոմիա)՝ ՔՍՀ-ը վերականգնելու կամ փոխարինելու համար: Այնուամենայնիվ, բաց վիրահատությունն ավելի շատ ռիսկեր է պարունակում, քան մյուս միջամտությունները, և պետք է շատ քննարկել մանրամասն՝ բոլոր դրական և բացասական կողմերը քննարկելուց հետո:

Եթե ձեր բժիշկը խորհուրդ է տալիս վիրահատություն կամ այլ միջամտություններ, համոզվեք, որ նրա հետ քննարկել եք հնարավոր օգուտներն ու ռիսկերը և հարցրեք, թե որոնք են ձեր բոլոր տարբերակները:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024