Ձեր ախտանիշների արագ գնահատումը կենսական նշանակություն ունի տրանզիտոր իշեմիկ գրոհի (ՏԻԳ) պատճառը ախտորոշելու և բուժման մեթոդը որոշելու համար:
ՏԻԳ-ի պատճառը որոշելու և ինսուլտի ձեր ռիսկը գնահատելու համար բժիշկը կարող է հիմնվել հետևյալ հետազոտությունների արդյունքների վրա:
- Արտաքին զննում և թեստեր. ձեր բժիշկը կկատարի ընդհանուր և նյարդաբանական զննում: Բժիշկը կստուգի ձեր տեսողությունը, աչքերի շարժումները, խոսքը և լեզուն, մկանային ուժը, ռեֆլեքսները և զգայական (սենսոր) համակարգը: Ձեր բժիշկը կարող է օգտագործել ստետոսկոպ՝ ձեր պարանոցի քնային զարկերակի ձայնը լսելու համար: Սուլող ձայնը (աղմուկ) կարող է վկայել աթերոսկլերոզի մասին: Կամ ձեր բժիշկը կարող է օգտագործել օֆթալմոսկոպ՝ աչքի հետևի մասում գտնվող ցանցաթաղանթի փոքրիկ արյունատար անոթներում խոլեստերինի մասնիկներ կամ թրոմբոցիտների մասնիկներ (էմբոլիա) փնտրելու համար: Ձեր բժիշկը նաև կարող է ստուգել ինսուլտի ռիսկի գործոնները, ներառյալ բարձր արյան ճնշումը, բարձր խոլեստերինի մակարդակը, դիաբետը և որոշ դեպքերում հոմոցիստեին ամինաթթվի բարձր մակարդակը:
- Կարոտիսային ուլտրաձայնային հետազոտություն (դուպլեքս). եթե ձեր բժիշկը կասկածում է, որ քնային զարկերակը կարող է լինել ձեր ՏԻԳ-ի պատճառը, կարող է առաջարկել այս հետազոտությունը: Գավազանման սարքը (տվիչ, датчик) բարձր հաճախականությամբ ձայնային ալիքներ է ուղարկում պարանոցի մեջ: Այն բանից հետո, երբ ձայնային ալիքները անցնում են հյուսվածքներով, ձեր բժիշկը կարող է վերլուծել էկրանի պատկերները՝ քնային զարկերակներում նեղացում կամ մակարդուկ գտնելու համար:
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա (ԿՏԱ). գլխի ԿՏ սկանավորումն օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ՝ ուղեղի բաղադրյալ 3D տեսք ստանալու կամ պարանոցի և գլխուղեղի զարկերակները հետազոտելու համար: ԿՏԱ սքանավորումն օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ, որոնք նման են ստանդարտ ԿՏ սքանավորմանը, բայց կարող է ներառել նաև արյունատար անոթի մեջ գունանյութի (կոնտրաստ) ներարկում: Ի տարբերություն կարոտիդային ուլտրաձայնի, ԿՏԱ սքանավորումը կարող է գնահատել պարանոցի և գլխի արյունատար անոթները:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիա (ՄՌԱ). այս միջոցառումները, որոնք օգտագործում են ուժեղ մագնիսական դաշտ, կարող են ստեղծել գլխուղեղի բաղադրյալ 3D պատկերներ: ՄՌԱ-ն օգտագործում է ՄՌՏ-ի նման տեխնոլոգիա՝ պարանոցի և ուղեղի զարկերակները գնահատելու համար, սակայն կարող է ներառել արյունատար անոթի մեջ գունանյութի (կոնտրաստ) ներարկում:
- Էխոսրտագրություն (սրտի «էխո»). ձեր բժիշկը կարող է ընտրել դասական էխոսրտագրություն, որը կոչվում է տրանսթորակալ էխոսրտագրություն (ՏԹԷ), երբ տվիչի (датчик) դիրքը տեղափոխվում է կրծքավանդակի վրայով կամ տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն (ՏԷԷ), երբ տվիչը հատուկ ճկուն զոնդով տեղադրվում է կերակրափողի մեջ: Տվիչն արձակում է ձայնային ալիքներ, որոնք անդրադառնում են սրտի տարբեր շրջաններից՝ ստեղծելով գերձայնային պատկեր: ՏԷԷ-ն թույլ է տալիս ավելի լավ տեսնել որոշ տարրեր, ինչպիսիք են արյան մակարդուկները, որոնք կարող են դասկան ՏԹԷ–ով լավ չերևալ կամ ընդհանրապես չերևալ:
- Արտերիոգրաֆիա. այս միջոցառումը տալիս է գլխուղեղի զարկերակների պատկերը, որոնք սովորաբար չեն երևում ռենտգենյան պատկերում: Ռադիոլոգը (ռենտգենոլոգ) ձեր աճուկում փոքր կտրվածքից ներմուծում է ճկուն խողովակ (կաթետեր), որն այնուհետև խոշոր զարկերակների միջով անցկացվում է մինչև քնային կամ ողնաշարային զարկերակ: Այնուհետև ռադիոլոգն այդ կաթետերով ներարկում է գունանյութ (կոնտրաստ)՝ ուղեղի զարկերակների ռենտգենյան պատկերներ ստանալու համար: Այս միջամտությունը կարող է օգտագործվել ընտրված դեպքերում:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024