Գրադարան

Տուբերկուլոզ. կանխարգելում

Տուբերկուլոզ. կանխարգելում

Time Read 2 րոպե

Եթե ձեզ մոտ լատենտ տուբերկուլոզային վարակի նկատմամբ ստացվել է դրական թեստ, ապա բժիշկը ձեզ խորհուրդ կտա ընդունել դեղեր, որպեսզի նվազեցվի ակտիվ տուբերկուլոզի զարգացման նկատմամբ ռիսկը:

Տուբերկուլոզի միակ վարակիչ ձևը թոքերի ախտահարմանը բնորոշ ախտանիշներ դրսևորող ակտիվ հիվանդությունն է: Ուստի, եթե կարողանաք կանխարգելել լատենտ տուբերկուլոզի ակտիվ ձևին վերաճելը, դուք այլևս չեք տարածի հարուցիչները, հետևաբար՝ չեք վարակի այլ մարդկանց:

Տուբերկուլոզի կանխարգելման մակարդակները

Տուբերկուլոզի ընդհանուր կանխարգելումը կատարվում է 3 մակարդակով՝

  • սոցիալական կանխարգելում՝ միջոցառումների համալիր, որի նպատակը բնակչության առողջության բարելավմանն ուղղված միջոցառումների համալիր (կյանքի նյութական պայմանների և կենցաղավարման մակարդակի բարելավում, սանիտարական գիտելիքների տրամադրում և այլն)
  • սանիտարական կանխարգելում՝ հիվանդության բաց ձևով հիվանդների շտապ հոսպիտալացում, ինչպես նաև բնակչության զանգվածային (հատկապես փակ հաստատությունում բնակիչների) պարբերաբար հետազոտությունների անցկացում
  • առանձնահատուկ (սպեցիֆիկ) հակատուբերկուլոզային կանխարգելում՝ հիվանդների հետ շփված բոլոր անձանց հակատուբերկուլոզային դիսպանսերային հսկողություն, տեղամասային բուժքույրերի ամենամսյա պատրոնաժ, բժշկի նշանակումների ճշտությամբ կատարման հետևում սանիտարահիգիենիկ կրթական-տեղեկատվական աշխատանքների կազմակերպում և այլն:

Պաշտպանեք ձեր ընտանիքներն ու ընկերներին

Եթե ձեզ ախտորոշել են ակտիվ տուբերկուլոզ, մի տարածեք ձեր միկրոբները և դրանք մի փոխանցեք ձեր շրջապատի մարդկանց: Հակատուբերկուլոզային դեղաբուժումը սկսելուց հետո մի քանի շաբաթ անց դուք, որպես կանոն, այլևս վարակիչ չեք: Հետևեք այս պարզ կանոններին, որպեսզի տուբերկուլոզով վարակելուց պաշտպանեք ձեր ընտանիքի անդամներին և ընկերներին:

  • Մնացեք տանը. բուժման առաջին մի քանի շաբաթը տնից դուրս մի եկեք և մի այցելեք աշխատավայր, դպրոց, համալսարան կամ մեկ այլ վայր: Տանը մնալիս առանձնացրեք ձեր ննջարանը և մի քնեք ընտանիքի մեկ այլ անդամի հետ միասին նույն սենյակում:
  • Օդափոխեք ձեր սենյակը. տուբերկուլոզի բակտերիաներն ավելի հեշտությամբ են տարածվում փոքր փակ տարածքներում, որտեղ օդը «կանգնած է»: Եթե դրսում շատ ցուրտ չէ, հաճախակի բացեք պատուհանները և օդափոխեք ձեր սենյակը կամ օգտագործեք օդափոխիչ, որը ներսի օդը փչում է դուրս:
  • Ծածկեք ձեր բերանը. մաքուր անձեռոցիկով ծածկեք ձեր բերանն ամեն անգամ, երբ ծիծաղում, փռշտում կամ հազում եք: Օգտագործելուց հետո անձեռոցիկը նետեք փակ տոպրակի մեջ, որը կիպ փակած վիճակում պետք է նետել փակ աղբարկղը՝ վերջում օճառաջրով լվանալով ձեր ձեռքերը:
  • Դրեք դիմակ. բուժման առաջին 1-3 շաբաթվա ընթացքում վիրաբուժական դիմակ կրեք, եթե ձեր շրջապատում մարդիկ կան:

Ավարտին հասցրեք ձեր դեղաբուժման լիարժեք կուրսը

Սա ինչպես ձեզ, այնպես էլ այլ մարդկանց տուբերկուլոզից պաշտպանելու թերևս ամենակարևոր քայլն է: Երբ դուք կիսատ եք թողնում ձեր բուժումը կամ բաց եք թողնում հերթական դեղերի ընդունումը, տուբերկուլոզի հարուցիչը հնարավորություն է ստանում մուտացիայի ենթարկվելու և դառնալու այդ դեղերի նկատմամբ կայուն: Արդյունքում առաջանում են հարուցիչի դեղակայուն շտամներ, որոնք չեն ենթարկվում բուժմանը և կտրուկ բարձրացնում են մահացության ցուցանիշը:

Պատվաստումներ

Այն երկրներում, որտեղ տուբերկուլոզը տարածված է, նորածիններին հաճախ պատվաստում են Կալմետ-Գերինի բացիլ (ԲՑԺ) պատվաստանյութով (անգլ.՝ Bacillus Calmette–Guérin (BCG)), որի նպատակը երեխաների մոտ սուր տուբերկուլոզի կանխարգելումն է: Այնուամենայնիվ, բազմաթիվ զարգացած երկրներում համընդհանուր ԲՑԺ պատվաստումն ընդունված չէ, քանի որ չափահասների մոտ նման միջոցառումը կորցնում է իր արդյունավետությունը:

ԲՑԺ պատվաստանյութը համարվում է կենդանի պատվաստանյութ: Պատվաստումը կատարվում է ներմաշկային ներարկումով:

Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ԲՑԺ պատվաստման իրականացումը նորածնի կյանքի առաջին 48 ժամերի ընթացքում կանխարգելում է ոչ միայն տուբերկուլոզի ծանր ձևերը (տուբերկուլոզային մենինգիտ և դիսսիմինացված տարածուն տուբերկուլոզ), այլ նաև ապահովում է ոչ սպեցիֆիկ պաշտպանություն (հետերոլոգիական), ինչն ապացուցվել է բազմաթիվ հետազոտություններով, մասնավորապես՝

  • ԲՑԺ պատվաստումը նպաստում է ցանկացած ծագման շնչառական վարակներից և սեպսիսից հոսպիտալացումների նվազեցմանը
  • ԲՑԺ պատվաստումը կանխում է կապույտ հազը
  • ԲՑԺ պատվաստումը կանխում է թոքերի քաղցկեղը:

Տուբերկուլոզից պաշտպանության աստիճանը տարբեր է լինում և պաշտպանությունը տևում է մինչև 20 տարի։ Կանխարգելում է երեխաների 20%-ի վարակումը, իսկ վարակվածների կեսի մոտ կանխարգելում է հիվանդության առաջացումը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ԲՑԺ պատվաստումն ունի նաև թերապևտիկ ազդեցություն՝ նվազեցնում է առաջին տիպի շաքարային դիաբետի հիվանդացության ցուցանիշը, կենտրոնական նյարդային համակարգի միելինային թաղանթազրկումը:

Լուրջ կողմնակի ազդեցությունները հազվադեպ են։ Հաճախ լինում է կարմրություն, ուռածություն ներարկման տեղում։ Կարող է առաջանալ նաև փոքր խոց, որը առողջանալուց հետո թողնում է փոքր սպի։ Կողմնակի ազդեցությունները հաճախ են լինում թույլ իմունիտետով մարդկանց մոտ

Հոդվածը տեղադրվել է՝ 08-04-2020 վերանայվել է՝ 15-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով