Skip to main content

Ինքնօգնություն - Խոցային կոլիտ

Երբեմն դուք կարող եք ձեզ անօգնական զգալ, երբ առնչվում եք խոցային կոլիտի հետ:

Սակայն ձեր սննդակարգի և ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել վերահսկելու ձեր ախտանիշները և երկարացնելու սրացումներ միջև ընկած ժամանակահատվածը՝ ախտադադարը (ռեմիսիա):

Չկա որևէ հաստատուն ապացույց, որ այն, ինչ դուք ուտում եք, իրականում առաջացնում է աղիների բորբոքային հիվանդություն: Սակայն որոշ սննդամթերքներ և ըմպելիքներ կարող են վատարացնել ձեր գանգատներն ու ախտանիշները, հատկապես սրացման ժամանակ:

Կարող է օգտակար լինել սննդի օրագիր պահելը, որ հետևեք, թե ինչ եք ուտում, ինչպես նաև այն, թե ինչ եք զգում: Եթե հայտնաբերեք, որ որոշ մթերքներ առաջացնում են ձեր ախտանիշների վատթարացում, կարող եք փորձել վերացնել դրանք:

Ահա մի քանի ընդհանուր բնույթի սննդակարգային առաջարկներ, որոնք կարող են օգնել ձեզ, որ ավելի արդյունավետ կեպով կառավարեք ձեր վիճակը:

  • Սահմանափակեք կաթնամթերքը. աղիների բորբոքային հիվանդությամբ բազմաթիվ մարդիկ գտնում են, որ այնպիսի խնդիրներն, ինչպիսիք են փորլուծությունը, որովայնի ցավը և գազերը, բարելավվում են՝ սահմանափակելով կամ բացառելով կաթնամթերքը: Դուք կարող եք անհանդուրժող լինել կաթնաշաքարի (լակտոզի) նկատմամբ, այսինքն՝ ձեր օրգանիզմը չի կարողանում մարսել կաթնամթերքի մեջ պարունակվող կաթնաշաքարը: Ֆերմենտային արտադրանքի օգտագործումը, ինչպիսին է Լակտէյդը, նույնպես կարող է օգնել:
  • Կերեք փոքր չափաբաժիններ. դուք կարող եք պարզել, որ ավելի լավ եք զգում օրական հինգ կամ վեց փոքր կերակուրներ ուտելով, քան երկու կամ երեք մեծ ճաշեր:
  • Խմեք շատ հեղուկներ։ փորձեք օրվա մեջ շատ հեղուկներ խմել: Ջուրը լավագույն տարբերակն է: Ալկոհոլը և կոֆեին պարունակող ըմպելիքները խթանում են ձեր աղիքները և կարող են վատթարացնել փորլուծությունը, իսկ գազավորված ըմպելիքները հաճախ աղիքային գազեր են առաջացնում:
  • Խոսեք դիետոլոգի հետ: եթե սկսում եք նիհարել կամ ձեր սննդակարգը շատ է սահմանափակվել, խորհուրդ հարցրեք հմուտ դիետոլոգից:

Սթրես

Թեև սթրեսը չի առաջացնում աղիների բորբոքային հիվանդություն, այն կարող է վատթարացնել ձեր գանգատներն ու ախտանիշները և կարող է հրահրել հիվանդության սրացում (ռեցեդիվ):

Սթրեսը վերահսկելուն կարող են օգնել հետևյալ միջոցները:

  • Վարժանքներ. նույնիսկ թեթև ֆիզիկական վարժանքները կարող են օգնել նվազեցնել սթրեսը, թեթևացնել դեպրեսիան և կարգավորել աղիների գործունեությունը: Խոսեք ձեր բժշկի հետ վարժանքների ծրագրի մասին, որը լավագույնս կարող է համապատասխանել ձեր իրավիճակին:
  • Կենսաբանական հետադարձ կապ (բիոֆիդբեք). սթրեսը նվազեցնելու այս տեխնիկան կարող է օգնել ձեզ նվազեցնելու մկանային լարվածությունը և դանդաղեցնելու ձեր սրտի զարկերը հետադարձ կապի սարքի օգնությամբ: Նպատակն է օգնել ձեզ մտնել հանգիստ՝ ռելաքսացիայի վիճակի մեջ, որ կարողանաք ավելի հեշտ հաղթահարել սթրեսը:
  • Պարբերաբար ռելաքսացիայի և շնչառական վարժանքներ. սթրեսը հաղթահարելու միջոցներից մեկը ռելաքսացիան և շնչառական վարժանքներն են: Կարող եք նաև մասնակցել յոգայի և մեդիտացիայի դասընթացներին կամ տանը օգտագործել գրքեր, CD կամ DVD սկավառակներ:

Այլընտրանքային բժշկություն

Մարսողական խանգարումներ ունեցող բազմաթիվ մարդիկ օգտագործում են հավելյալ և այլընտրանքային բժշկության որևէ ձև: Այնուամենայնիվ, լրացուցիչ և այլընտրանքային բժշկության անվտանգության ու արդյունավետության վերաբերյալ լավ մշակված ուսումնասիրությունները սակավաթիվ են:

Չնայած հետազոտությունները սահմանափակ են, կան որոշ ապացույցներ, որ այլ դեղամիջոցներին պրոբիոտիկներ ավելացնելը կարող է օգտակար լինել, սակայն դա ապացուցված չէ:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-04-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024