Skip to main content

Ախտանիշներ - Խոցային կոլիտ

Խոցային կոլիտի ախտանիշները կարող են տարբեր լինել՝ կախված բորբոքման ծանրության աստիճանից և առաջացման շրջանից:

Գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • փորլուծություն, հաճախ արյունով կամ թարախով
  • հետանցքային (ուղիղաղիքային) արյունահոսություն՝ կղանքի հետ փոքր քանակությամբ արյուն
  • որովայնի ցավ և կծկանքներ (սպազմ)
  • հետանցքային (ուղիղաղիքային) ցավ
  • կղազատման հրատապ ցանկություն
  • չնայած ցանկության, կղելու անկարողություն (նիքեր)
  • քաշի կորուստ
  • հոգնածություն
  • ջերմություն
  • երեխաների մոտ՝ աճի հապաղում:

Խոցային կոլիտ ունեցող մարդկանց մեծամասնության մոտ առկա են մեղմ և միջին ծանրության ախտանիշներ: Խոցային կոլիտի ընթացքը կարող է տարբեր լինել, իսկ որոշ մարդկանց մոտ ախտանիշների մեղմացումը (ռեմիսիա) կարող է երկար ժամանակ պահանջել:

Տեսակները

Բժիշկները հաճախ դասակարգում են խոցային կոլիտն ըստ ախտահարման շրջանի: Յուրաքանչյուր տեսակի ախտանիշները հաճախ համընկնում են: Խոցային կոլիտի տեսակները ներառում են հետևյալը:

  • Խոցային պրոկտիտ. բորբոքումը սահմանափակվում է հետանցքին ամենամոտ հատվածով, որը նաև կոչվում է ուղիղ աղիք (ռեկտում): Հետանցքային (ուղիղաղիքային) արյունահոսությունը կարող է լինել հիվանդության միակ նշանը:
  • Պրոկտոսիգմոիդիտ. բորբոքումն ընդգրկում է ուղիղ աղիքը (ռեկտում) և սիգմոիդ հաստ աղիքը՝ հաստ աղիքի խթաղու (կոլոն) ստորին ծայրը: Ախտանիշները ներառում են արյունոտ լուծ, որովայնի կծկանքներ (սպազմ) և ցավեր, ինչպես նաև աղիները դատարկելու անկարողություն՝ չնայած դա անելու պահանջին: Սա կոչվում է նիքեր (տենեզմուս):
  • Ձախակողմյան կոլիտ. բորբոքումը տարածվում է ուղիղ աղիքից վեր՝ հաստ աղիքի սիգմոիդ և վայրէջ հատվածներով: Ախտանիշները ներառում են արյունոտ փորլուծություն, որովայնի կծկանքներ (սպազմ) և ցավ ձախ կողմում, ինչպես նաև կղելու հրատապ ցանկություն:
  • Պանկոլիտ. այս տեսակը հաճախ ազդում է ամբողջ հաստ աղիքի վրա և առաջացնում է արյունոտ փորլուծության նոպաներ, որոնք կարող են լինել սուր, որովայնին կծկանքներ և ցավեր, հոգնածություն և զգալի քաշի կորուստ:

Ե՞րբ հանդիպել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք աղիների դատարկման ձեր սովորությունների մշտական փոփոխություն կամ եթե ունեք գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են՝

  • որովայնային ցավ
  • արյուն ձեր կղանքում
  • շարունակվող փորլուծություն, որը չի արձագանքում դեղատոմս չպահանջող դեղերին
  • փորլուծություն, որը ձեզ արթնացնում է քնից
  • անբացատրելի ջերմություն, որը տևում է ավելի քան մեկ կամ երկու օր:

Չնայած խոցային կոլիտը սովորաբար մահացու չէ, այն ծանր հիվանդություն է: Որոշ դեպքերում խոցային կոլիտը կարող է առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ:

Հոդվածը հրապարակվել է՝ 02-06-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024