Հեշտոցաբորբի գանգատները և ախտանիշները կախված են առաջացման պատճառից:
Սակայն, վագինիտ ունեցող կանայք ավելի հաճախ նշում են՝
- հեշտոցային արտադրության գույնի, հոտի և քանակի փոփոխություն
- հեշտոցային քոր և գրգռվածություն
- ցավ սեռական հարաբերության ժամանակ
- ցավոտ միզարձակում (դիզուրիա)
- թեթև հեշտոցային արյունահոսություն կամ արյան հետքեր:
Եթե ունեք հեշտոցային արտադրություն, ապա արտադրուկի բնույթը կարող է հուշել ձեր վագինիտի տեսակի մասին:
- Բակտերիալ վագինոզ. ձեզ մոտ կարող է առաջանալ մոխրագույն-սպիտակ, տհաճ հոտով արտադրություն: Հոտը, որը հաճախ նկարագրվում է որպես ձկան հոտ, կարող է ավելի ակնհայտ դառնալ սեռական հարաբերությունից հետո:
- Խմորասնկիկային վարակ. հեշտոցային կանդիդոզի հիմնական ախտանիշը քորն է, սակայն դուք կարող եք ունենալ թանձր սպիտակ արտադրուկ, որը նման է կաթնաշոռի:
- Տրիխոմոնոզ. տրիխոմոնիազ կոչվող վարակը կարող է առաջացնել կանաչադեղնավուն, երբեմն փրփրուն արտադրուկ:
Ե՞րբ այցելել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ զարգացել են հեշտոցային ախտանիշներ, հատկապես հետևյալ դեպքերում:
- Դուք ունեք խիստ տհաճ հեշտոցային հոտ, արտադրություն կամ քոր:
- Դուք երբեք չեք ունեցել հեշտոցային վարակ: Ձեր բժշկին այցելելը կարող է պարզել պատճառը և օգնել ձեզ, որ սովորեք գանգատների ու ախտանիշների հայտնաբերումը:
- Դուք նախկինում ունեցել եք հեշտոցային վարակներ:
- Դուք ունեցել եք բազմաթիվ սեռական զուգընկերներ կամ վերջերս՝ նոր զուգընկեր: Դուք կարող եք ունենալ սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, որոնցից որոշներն ունեն այնպիսի գանգատներ և ախտանիշներ, որոնք նման են կանդիդոզային վարակի կամ բակտերիալ վագինոզի նշաններին:
- Դուք ավարտել եք առանց դեղատոմսի կանդիդոզի դեմ դեղամիջոցների կուրսը, բայց ձեր ախտանիշները պահպանվում են:
- Դուք ունեք ջերմություն, դող և սարսուռ կամ կոնքային ցավ:
Սպասողական մոտեցում
Հավանաբար կարիք չկա այցելել ձեր բժշկին ամեն անգամ, երբ ունեք հեշտոցային գրգռվածություն և արտադրություն, հատկապես, եթե՝
- նախկինում ունեցել եք հեշտոցային կանդիդոզային վարակի ախտորոշում, և ձեր գանգատներն ու ախտանիշները նույնն են, ինչ նախկինում
- գիտեք կանդիդոզային վարակի գանգատներն ու ախտանիշները և վստահ եք, որ դա այն է, ինչ ունեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024