Տարբեր միկրոօրգանիզմներ և վիճակներ կարող են առաջացնել հեշտոցաբորբ, ուստի բուժումը ուղղված է կոնկրետ պատճառի վերացմանը:
- Բակտերիալ վագինոզ. այս տեսակի վագինիտի դեպքում ձեր բժիշկը կարող է նշանակել Մետրոնիդազոլի հաբեր (Ֆլագիլ), որը ընդունում եք բերանով կամ Մետրոնիդազոլի գել (ՄետրոԳել), որը քսում եք ախտահարված շրջանում: Բուժման այլ միջոցները ներառում են՝ Կլինդամիցինի (Կլեոցին) նրբաքսուք (կրեմ), որը քսում եք ձեր հեշտոցին, Կլինդամիցինի հաբեր, որոնք ընդունում եք բերանով կամ պատիճներ, որոնք դնում եք ձեր հեշտոցում: Տինիդազոլը (Տինդամաքս) կամ Սեկնիդազոլը (Սոլոսեկ) ընդունվում են բերանով: Բուժումից հետո բակտերիալ վագինոզը կարող է կրկնվել:
- Խմորասնկիկային վարակներ (կանդիդոզային վագինոզ). կանդիդոզային վարակները սովորաբար բուժվում են դեղատոմս չպահանջող հակասնկային նրբաքսուքներով կամ հեշտոցային մոմիկներով, ինչպիսիք են Միկոնազոլը (Մոնիստատ 1), Կլոտրիմազոլը (Լոտրիմին AF, Միցելեքս, Տրիվագիզոլ 3), Բուտոկոնազոլը (Ջինազոլ-1) կամ Տիկոնազոլ (Վագիստատ-1): Կանդիդոզային վարակները նաև կարող են դեղատոմս պահանջող բերանով ընդունվող (օրալ) հակասնկային դեղամիջոցներով, ինչպիսին է Ֆլուկոնազոլը (Դիֆլյուկան): Դեղատոմս չպահանջող բուժման առավելություններն են հարմարավետությունը, քիչ ծախսերը և ձեր բժշկին չսպասելը: Այնուամենայնիվ, դուք կարող եք ունենալ այլ բան, քան կանդիդոզային վարակը: Սխալ դեղամիջոց օգտագործելը կարող է հետաձգել ճշգրիտ ախտորոշումը և պատշաճ բուժումը:
- Տրիխոմոնոզ (տրիպոմոնիազ). ձեր բժիշկը կարող է նշանակել Մետրոնիդազոլի (Ֆլագիլ) կամ Տինիդազոլի (Տինդամաքս) բերանով ընդունվող (օրալ) հաբեր:
- Դաշտանադադարի միզասեռական համախտանիշ (հեշտոցային ատրոֆիա). էստրոգենը՝ հեշտոցային նրբաքսուքների, հաբերի կամ օղակների տեսքով, կարող է բուժել այս վիճակը: Այս բուժումը հասանելի է դեղատոմսով, ձեր բժշկի կողմից այլ ռիսկի գործոնների և հնարավոր բարդությունների նախնական գնահատումից հետո:
- Ոչ վարակային վագինիտ. այս տեսակի վագինիտը բուժելու համար հարկավոր է ճշգրիտ որոշել գրգռման աղբյուրը և խուսափել դրանից: Հնարավոր աղբյուրները ներառում են՝ նոր օճառ, լվացքի միջոց, հիգիենիկ անձեռոցիկներ կամ տամպոններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024