Թույլ կամ վնասված փականները կարող են հանգեցնել երակների վարիկոզ լայնացման:
Զարկերակները արյունը սրտից տեղափոխում են մարմնի մնացած շրջաններ, իսկ երակներն այդ շրջաններից արյունը վերադարձնում են սիրտ: Արյունը սիրտ վերադարձնելու համար ոտքերի երակները պետք է աշխատեն ձգողականության դեմ:
Ոտքերի ստորին հատվածների մկանների կծկումները գործում են որպես պոմպեր, իսկ երակների առաձգական պատերը օգնում են, որ արյունը վերադառնա սիրտ: Երակների փոքրիկ փականները բացվում են, երբ արյունը հոսում է դեպի սիրտ, որից հետո փակվում են, որ արյունը ետ չհոսի: Եթե այս փականները թույլ կամ վնասված են, արյունը կարող է ետ հոսել և կուտակվել երակներում (երակային կանգ)՝ հանգեցնելով երակների ձգմանը կամ ոլորմանը:
Այնուամենայնիվ, դեռևս անհայտ է մնում այն հարցի պատասխանը, թե ինչու որոշ մարդկանց երակները վարիկոզ լայնանում են, իսկ մյուսների մոտ նման բան չի զարգանում: Կան հեղինակներ, ովքեր որոշ վերապահումներով վարիկոզ երակների առաջացման մեջ կարևորում են երակային պատի բնածին թուլությունը, անոթային անոմալիաները կամ դրանց մկանային շերտի առաձգականության թուլացումը:
Ռիսկի գործոններ
Հետևյալ գործոնները կարող են մեծացնել երակների վարիկոզի զարգացման ռիսկը:
- Տարիք. ծերացումը առաջացնում է արյան հոսքը վերահսկող երակների փականների հյուծում: Ի վերջո, փականների թուլացումը հանգեցնում է նրան, որ դրանք թույլ են տալիս արյան որոշ քանակ ետ հոսել դեպի երակներ՝ առաջացնելով երակային կանգ:
- Սեռ. կանանց մոտ ավելի հավանական է, որ զարգանա այս վիճակը: Դաշտանից առաջ, հղիության ընթացքում կամ դաշտանադադարի ժամանակ առաջացող հորմոնային փոփոխությունները կարող են գործոն լինել, քանի որ իգական հորմոնները կարող են թուլացնել երակային պատերը: Հորմոնային բուժումները, ինչպիսիք են հակաբեղմնավորիչ հաբերը, նույնպես կարող են մեծացնել երակների վարիկոզի առաջացման ռիսկը:
- Հղիություն. հղիության ընթացքում օրգանիզմում արյան ծավալը մեծանում է։ Այս փոփոխությունն օգնում է աճող երեխային, բայց նաև կարող է լայնացնել ոտքերի երակները:
- Ընտանեկան պատմություն. եթե ընտանիքի մյուս անդամներն ունեին երակների վարիկոզ լայնացում, ապա ավելի մեծ հավանականություն կա, որ դուք նույնպես կունենաք:
- Գիրություն. ավելորդ քաշը ավելացնում է երակների վրա ճնշումը:
- Երկար ժամանակ կանգնած կամ նստած դիրք: շարժումն օգնում է արյան հոսքին։
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում վարիկոզ երակների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024