Երակների վարիկոզ լայնացման բուժումը կարող է ներառել ինքնօգնության միջոցներ, կոմպրեսիոն գուլպաներ և վիրահատություններ կամ միջամտություններ:
Վարիկոզ երակների բուժման միջամտությունները հաճախ իրականացվում են արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում, ինչը նշանակում է, որ դուք սովորաբար նույն օրը տուն եք վերադառնում:
Հարցրեք ձեր ապահովագրողին, արդյոք վարիկոզի բուժումը փոխհատուցվող ծախս է: Եթե վարիկոզի բուժումը կատարվում է միայն ոտքերի արտաքին տեսքը բարելավելու համար (կոսմետիկ նպատակով), ապա ձեր ծախսը կարող է ապահովագրողի կողմից չփոխհատուցվել:
Տնային միջոցներ
Ինքնօգնությունը, օրինակ՝ վարժանքները, նստած կամ պառկած ժամանակ ոտքերը բարձրացնելը, կամ կոմպրեսիոն գուլպա կրելը կարող են օգնել թեթևացնելու ցավը և կանխել ցավի և մյուս ախտանիշների վատթարացումը:
Կոմպրեսիոն զուգագուլպա
Ամբողջ օրվա ընթացքում կոմպրեսիոն զուգագուլպա կրելը հաճախ առաջին մոտեցումն է, որ պետք է փորձել: Գուլպաները սեղմում են ոտքերը՝ օգնելով երակներին և ոտքերի մկաններին արյունն ավելի արդյունավետ դեպի վերև տեղափոխել: Սեղմման չափը տատանվում է ըստ տեսակի և ապրանքանիշի: Կոմպրեսիոն գուլպաները հասանելի են դեղատներում և բժշկական պարագաների խանութներում:
Վիրահատություններ կամ այլ միջամտություններ
Եթե տնային միջոցները և կոմպրեսիոն գուլպաները չեն օգնում, կամ վարիկոզն ունի ծանր ընթացք, բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն կամ այլ միջամտություններ:
- Սկլերոթերապիա. բժիշկը վարիկոզային երակների մեջ ներարկում է լուծույթ կամ փրփուր, որը առաջանում է սպիներ և փակում այդ երակները: Բուժված վարիկոզը սովորաբար մի քանի շաբաթվա ընթացքում անհետանում է: Նույն երակը կարող է մեկից ավելի անգամ ներարկվել: Սկլերոթերապիան չի պահանջում անզգայացում և կարող է իրականացվել բժշկի սենյակում:
- Լազերային բուժում. լազերային բուժումը ուժեղ լուսային ազդակներ է ուղարկում երակի վրա, ինչը ստիպում է, որ այդ անոթը դանդաղորեն փակվի և անհետանա: Այս մեթոդը որևէ կտրվածք կամ ասեղ չի օգտագործում:
- Ռադիոհաճախականության կամ լազերային էներգիայի օգտագործմամբ կաթետերային միջամտություններ. այս միջամտությունը նախընտրելի բուժում է ավելի մեծ վարիկոզի դեպքում: Բժիշկը բարակ խողովակ (կաթետեր) է տեղադրում լայնացած երակի մեջ և տաքացնում է կաթետերի ծայրը՝ օգտագործելով ռադիոհաճախականություն կամ լազերային էներգիա: Երբ կաթետերը հանվում է, ջերմությունը քայքայում է երակը` առաջացնելով ներանկում և խցանում:
- Բարձր կապում (լիգիտացիա) և երակի հեռացում. այս միջամտությունը ներառում է փոքր կտրվածների միջոցով երակը կապելը, նախքան այն կմիանա խորանիստ երակին և նույն երակն առանձնացնելն ու հեռացնելը: Հեռացված մակերեսային երակի դերն իրենց վրա են վերցնում ավելի խոր ընկած երակները: Այս միջամտությունը մեծամասամբ կատարվում է ամբուլատոր պայմաններում:
- Ամբուլատոր ֆլեբեկտոմիա (երակի հեռացում). բժիշկը հեռացնում է ավելի փոքր վարիկոզ երակները մաշկի մի շարք փոքրիկ ծակումների միջոցով: Այս ամբուլատոր միջամտության ընթացքում թմրեցվում են միայն ոտքի այն հատվածները, որոնք ծակվում են: Սպիները սովորաբար շատ փոքր են:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024