Skip to main content

Վարիկոզ երակների վիրահատություն - Վիրահատություններ

Այս էջում ձեզ կներկայացվի երակների վարիկոզ լայնացման վիրահատական բուժման վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն:

Եթե ունեք հարցեր, դիմեք ձեր բժշկին կամ համապատասխան մասնագետին:

Ի՞նչ են վարիկոզ երակները

Վարիկոզ երակները ձեր ոտքերի, անմիջապես մաշկի տակ ընկած և լավ տեսանելի լայնացած, ոլորուն երակներն են։

Դրանք ավելի հաճախ հանդիպում են ընտանիքներում, կարող են վատթարանալ հղիության ընթացքում և այն դեպքերում, երբ դուք երկար ժամանակ անցկացնում եք կանգնած վիճակում:

Ձեր ոտքերն ունեն խորանիստ երակային համակարգ, որն անցնում է մկանների միջով և մակերեսային երակային համակարգ, որն ընկած է անմիջապես մաշկի տակ:

Երբեմն մակերեսային երակների պատի թուլացումը բերում է դրանց լայնացման: Արդյունքում զարգանում է ներերակային ճնշման բարձրացում և արյան հոսքի դանդաղում (երակային կանգ), որի ազդեցությամբ էլ ախտահարված երակն արտափքվում է՝ այն դարձնելով վարիկոզ լայնացած և արտաքինից տեսանելի:

Իմացե՛ք ավելին վարիկոզ երակների մասին:

Որո՞նք են վիրահատության օգուտները

Վիրահատությունը օգնում է վարիկոզ երակների առաջացրած ախտանիշների և բարդությունների կանխարգելմանը:

Կա՞ն արդյոք վիրահատությանն այլընտրանքներ

Օժանդակող գուլպաները հաճախ օգնում են վարիկոզ երակների առաջացրած գանգատների և ախտանիշների մեղմացմանը և կրճատում բարդությունների ռիսկը:

Կան վարիկոզ երակների բուժման այլ մեթոդներ ևս, օրինակ՝ ներարկումներ (փրփուրային սկլերոթերապիա) և ռադիոհաճախականության կամ լազերային էներգիայի (ներերակային աբլացիա) կիրառում:

Իմացե՛ք ավելին ներերկայաին աբլացիայի մասին:

Ի՞նչ է ներառում վիրահատությունը

Վիրահատությունը սովորաբար կատարվում է ընդհանուր անզգայացման ներքո, սակայն կարող է օգտագործվել նաև տեղային անզգայացում: Բուն վիրահատությունը կարող է տևել սկսած 30 րոպեից մինչև 3 ժամ:

Վիրաբույժը հեռացման ենթակա մակերեսային երակներն առանձնացնում է խորանիստ երակներից և հեռացնում՝ սովորաբար ձեր աճուկային կամ ծնկան փոսի շրջանների փոքր կտրվածքների միջոցով: Նա կարող է ոտքի վրա վարիկոզ երակի երկայնքով կատարել մի շարք լրացուցիչ փոքր կտրվածքներ, որոնցով հեռացնի վարիկոզ ճյուղավորված երակները (կոչվում են ավուլսիոննե» կամ«ֆլեբէկտոմիաներ):

Գլխավոր վարիկոզ երակը (մեծ կամ փոքր ենթամաշկային կամ սաֆենա երակ) ևս կարող է հատուկ գործիքով հեռացվել:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ

Որոշ բարդություններ կարող են լինել ծանր և նույնիսկ բերել մահվան:

Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները

  • ցավ
  • վիրահատական շրջանի (վերքի) վարակ
  • մաշկի սպիական տգեղացում
  • արյան մակարդուկներ ձեր ոտքերում (թրոմբոզ)
  • արյան մակարդուկներ ձեր թոքերում (թոքային թրոմբոէմբոլիա):

Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները

  • մաշկի տակ ուռուքանման գոյացության առաջացում
  • թմրածություն կամ ծակծկոցներ
  • նյարդերի վնասումներ
  • շարունակվող վարիկոզ երակներ
  • թելանման երակների զարգացում
  • ոտքի այտուցվածություն
  • ոտքի մեծ զարկերակների, երակների կամ նյարդերի վնասում:

Ինչքա՞ն շուտ ես կվերականգնվեմ

Սովորաբար դուք կարող եք տուն վերադառնալ վիրահատության կամ հաջորդ օրը:

Կախված ձեր մասնագիտական գործունեությունից, դուք կարող եք աշխատանքի վերադառնալ մի քանի օր անց:

Երբ ոտքի վրա առկա վիրահատական վերքերը վերջնական լավանան, դուք կկարողանաք վերականգնել ձեր առօրյա գործերն այնքանով, որքանով ձեզ հարմարավետ եք զգում:

Կանոնավոր վարժանքները կարող են օգնել, որ ձեր նախկին ակտիվությունը հնարավորինս շուտ վերականգնվի: Մինչև վարժանքներ սկսելը, զրուցեք ձեր բժշկի հետ:

Մարդկանց մեծ մասի մոտ վերականգնումը լիարժեք է:

Ամփոփում

Վարիկոզ երակները տարածված անոթային խնդիր է, որը չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել բարդությունների: Օժանդակող գուլպաները կարող են օգնել ախտանիշների մեղմացմանը, սակայն չեն համարվում վերջնական բուժում:

Լրացուցիչ տեղեկատվություն

Վարիկոզ երակների մասին

Այցելե՛ք Մեդեքսի վարիկոզ երակների էջը, որ ծանոթանաք այս հիվանդության մասին:

Վիրահատական միջամտությունների մասին

Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ ընդհանուր բնույթի լրացուցիչ տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝

Հոդվածը հրապարակվել է՝ 08-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024