Հաճախասրտության (տախիկարդիայի) կանխարգելման լավագույն միջոցները առողջ սիրտը պահպանելն ու սրտային հիվանդության կանխարգելումն է:
Եթե արդեն ունեք սրտային հիվանդություն, վերահսկեք այն և հետևեք ձեր բուժման ծրագրին: Համոզվեք, որ հասկանում եք ձեր բուժման ծրագիրը և ընդունում եք բոլոր դեղերը, ինչպես նշանակել է ձեր բուժող բժիշկը:
Սիրտն առողջ պահելու համար կատարեք հետևյալ քայլերը:
- Կերեք հավասարակշռված, սննդարար սննդակարգ. հագեցած և տրանս ճարպերից աղքատ և մրգերով, բանջարեղենով և ամբողջահատիկ ձավարեղենով հարուստ սննդակարգն օգնում է սիրտն առողջ պահպանելուն:
- Եղեք ֆիզիկապես ակտիվ և պահպանեք առողջ քաշը. ավելորդ քաշը մեծացնում է սրտային հիվանդության զարգացման ռիսկը: Որպես ընդհանուր նպատակ՝ ձգտեք ամեն օր առնվազն 30 րոպե կատարել չափավոր ֆիզիկական վարժանքներ:
- Վերահսկեք արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը. փոփոխություններ կատարեք ձեր ապրելակերպի մեջ և ընդունեք դեղամիջոցներ, ինչպես ձեզ նշանակված է բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) կամ բարձր խոլեստերինը կառավարելու համար:
- Վերահսկեք սթրեսը. խուսափեք ավելորդ սթրեսից և սովորեք սթրեսը կառավարելու և նվազեցնելու մոտեցումներ և մեթոդներ:
- Մի՛ օգտագործեք ապօրինի թմրամիջոցներ. մի՛ օգտագործեք ապօրինի խթանիչներ, ինչպիսին է կոկաինը: Եթե օգնության կարիք ունեք թմրամիջոցների օգտագործումը կամ չարաշահումը դադարեցնելու համար, խոսեք ձեր բժշկի հետ ձեզ առավել հարմար ծրագրի մասին:
- Պահպանեք նախատեսված այցերի և ստուգումների ժամանակացույցը. անցեք կանոնավոր ֆիզիկական քննություններ (բուժզննումներ) և ցանկացած նոր գանգատի կամ ախտանիշի մասին զեկուցեք ձեր բժշկին:
- Սահմանափակեք ալկոհոլը. եթե նախընտրում եք ալկոհոլ օգտագործել, արեք դա չափավոր: Առողջ չափահասների համար դա նշանակում է օրական մինչև մեկ ստանդարտ չափաբաժին (drink)՝ կանանց համար և օրական մինչև երկու չափաբաժին` տղամարդկանց համար: Որոշ մարդկանց կարող է անհրաժեշտ լինել ամբողջովին հրաժարվել ալկոհոլից: Հարցրեք ձեր բժշկին, թե ինչ չափի ալկոհոլն է անվտանգ ձեզ համար, եթե այդպիսիք կան:
- Սահմանափակեք կոֆեինը. եթե կոֆեին պարունակող ըմպելիքներ եք խմում, դա արեք չափավոր քանակությամբ՝ օրական ոչ ավելի, քան 1-ից 2 բաժակ:
- Դադարեցրեք ծխելը. եթե ծխում եք և չեք կարող ինքնուրույն թողնել ծխելը, խոսեք ձեր բժշկի հետ մոտեցումների կամ ծրագրերի մասին, որոնք կօգնեն ձեզ հրաժարվել ծխելու սովորույթից:
- Զգուշությամբ օգտագործեք դեղատոմս չպահանջող դեղերը. մրսածության և հազի որոշ պատրաստուկներ պարունակում են խթանիչներ, որոնք կարող են արագացնել սրտազարկերը: Միշտ տեղեկացրեք ձեր բժշկին ձեր ընդունած բոլոր, այդ թվում՝ սովորական դեղերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2023
Վերջին վերանայում՝ 03-05-2024