Երբ սիրտը չափազանց արագ է բաբախում, այն կարող է բավարար քանակությամբ արյուն չարտամղել դեպի օրգանիզմի մնացած շրջաններ:
Ուստի, օրգաններն ու հյուսվածքները կարող են բավարար քանակությամբ արյուն, և արյան հետ՝ թթվածին չստանալ: Գանգատներն ու ախտանիշները, որոնք ի հայտ են գալիս փորոքային կամ վենտրիկուլյար տախիկարդիայի դրվագում, պայմանավորված են թթվածնի պակասով և կարող են ներառել՝
- կրծքավանդակի կամ ետկրծոսկրային ցավ (կրծքահեղձուկ)
- գլխապտույտ
- սրտի բաբախումների զգացողություն (սրտխփոց)
- ուշագնացության զգացում
- շնչարգելություն և հևոց:
Փորոքային տախիկարդիան կարող է ինքնուրույն անհետանալ 30 վայրկյանի ընթացքում (ոչ կայուն V-tach) կամ տևել ավելի քան 30 վայրկյան (կայուն V-tach կամ VT): Կարճ դրվագները կարող են որևէ ախտանիշ չառաջացնել: Սակայն կայուն VT-ն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, այդ թվում՝
- ուշագնացություն
- գիտակցության կորուստ
- սրտի կանգ (հանկարծամահություն):
Ե՞րբ դիմել բժշկին
Բազմաթիվ տարբեր բաներ կարող են առաջացնել փորոքային տախիկարդիա, ուստի, կարևոր է ստանալ արագ, ճշգրիտ ախտորոշում և համապատասխան բուժում: Այցելեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան սրտազարկի հետ կապված որևէ խնդիր ունեք: Որոշ դեպքերում անհրաժեշտ է շտապ կամ անհետաձգելի բուժօգնություն:
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե որևէ մեկն ունի այս ախտանիշները՝
- կրծքավանդակի (ետկրծոսկրային) ցավ, որը տևում է ավելի քան մի քանի րոպե
- օդի պակասի զգացում կամ դժվարաշնչություն
- ուշագնացություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024