Skip to main content

Բուժում - Վիտամին-դեֆիցիտային անեմիա

Փորոքային հաճախասրտությունը (վենտրիկուլյար տախիկարդիա), որը տևում է ավելի քան 30 վայրկյան (կայուն VT), հաճախ պահանջում է շտապ բուժօգնություն, քանի որ այս վիճակը երբեմն կարող է հանգեցնել սրտային հանկարծամահության:

Փորոքային տախիկարդիայի բուժման նպատակներն են՝ դանդաղեցնել արագացած սրտազարկը, երբ այն առաջանում է, և կանխել արագ սրտազարկերի հետագա դրվագները: Բուժումը կարող է ներառել դեղամիջոցներ կամ միջոցառումներ՝ վերահսկելու կամ վերականգնելու սրտի ռիթմը:

Եթե տախիկարդիայի պատճառը մեկ այլ հիվանդություն կամ վիճակ է, հիմքում ընկած խնդրի բուժումը կարող է նվազեցնել կամ կանխել արագ սրտազարկի դրվագները:

Դեղորայքային բուժում

Եթե ունեք փորոքային տախիկարդիա, ձեզ կարող են տրվել դեղեր, որոնք կոչվում են հակաառիթմիկ դեղամիջոցներ բերանային (օրալ) կամ ներերակային ճանապարհով: Այս դեղերը կարող են դանդաղեցնել արագացած սրտազարկերը: Սրտային այլ դեղամիջոցներ, ինչպիսիք են կալցիումական անցուղիների պաշարիչները և բետա պաշարիչները, կարող են նշանակվել հակաառիթմիկ դեղամիջոցների հետ միասին:

Կարդիովերսիա

Այս բուժական միջոցառումը սովորաբար օգտագործվում է, երբ անհրաժեշտ է արագ սրտազարկերի շտապ բուժօգնություն, ինչպիսին գրանցվում է կայուն փորոքային տախիկարդիայի դեպքում: Կարդիվերսիան էլեկտրական ազդանիշներ է ուղարկում սրտին կրծքավանդակի վրա տեղադրված վահանակների (էլեկտրոդների) միջոցով: Էլեկտրաշոկն ազդում է սրտի էլեկտրական ազդանշանների վրա և վերականգնում կանոնավոր սրտազարկը: Դեղորայքով նույնպես հնարավոր է կարդիովերսիա անել:

Էլեկտրաշոկը նաև կարող է փոխանցվել սրտին՝ օգտագործելով ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր (AED):

Վիրահատություն կամ այլ միջամտություններ

Փորոքային տախիկարդիայի դրվագները կանխելու կամ կառավարելու համար կարող է անհրաժեշտ լինել կաթետերային միջամտություն կամ սրտի վիրահատություն:

  • Կաթետերային աբլացիա. այս միջամտության ժամանակ բժիշկը մեկ կամ մի քանի բարակ, ճկուն խողովակներ է (կաթետեր) անցկացնում զարկերակի միջով, սովորաբար՝ աճուկից, և դրանք ուղղորդում դեպի սիրտ: Սենսորները (էլեկտրոդները) կաթետերի ծայրին օգտագործում են ջերմային կամ սառը էներգիա՝ սրտում փոքրիկ սպիներ ստեղծելու համար, որոնք արգելափակում են անկանոն էլեկտրական ազդանշանները և վերականգնում սրտի ռիթմը: Կաթետերային աբլացիան հաճախ կատարվում է, երբ արագացած սրտազարկի պատճառը հավելյալ հաղորդչական ուղին է:
  • Իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր (ICD). ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ այս սարքը, եթե ունեք փորոքային տախիկարդիայի կամ փորոքային ֆիբրիլյացիայի զարգացման բարձր ռիսկ: ICD-ն փեյջերի չափի սարք է, որը տեղադրվում է մաշկի տակ՝ անրակի մոտ: Այն շարունակաբար վերահսկում է սրտի կծկումները և տալիս է ճշգրիտ հարմարեցված էլեկտրաշոկ, երբ հայտնաբերվում է անկանոն ռիթմ (առիթմիա): Սա օգնում է վերականգնելու սրտի կանոնավոր ռիթմը:
  • Արհեստական ռիթմավար (փեյսմեյքեր). այս փոքրիկ սարքը վիրահատական ճանապարհով տեղադրվում է կրծքավանդակի շրջանի մաշկի տակ: Երբ սրտի ռիթմավարը հայտնաբերում է անկանոն սրտազարկ, ուղարկում է էլեկտրական պուլսացվող ազդանշան, որն օգնում է սրտի ռիթմի շտկմանը:
  • Մեյզ միջամտություն. այս դեպքում վիրաբույժը փոքրիկ կտրվածքներ է անում սրտի վերին կեսում (նախասրտերի պատին)՝ սպիական հյուսվածք (մեյզ) ստեղծելու համար: Սրտի ազդանիշները չեն կարող անցնել սպիական հյուսվածքի միջով: Այսպիսով, մեյզը կարող է արգելափակել սրտի թափառող էլեկտրական ազդանշանները, որոնք առաջացնում են տախիկարդիայի որոշ տեսակներ:
  • Բաց սրտի վիրահատություն. երբեմն կարող է անհրաժեշտ լինել բաց սրտի վիրահատություն՝ տախիկարդիա առաջացնող հավելյալ հաղորդչական ուղին ոչնչացնելու համար: Վիրահատությունը սովորաբար կատարվում է միայն այն դեպքում, երբ բուժման այլ տարբերակները չեն օգնում կամ անհրաժեշտ է վիրահատություն սրտի այլ խանգարումների բուժման համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024