Թիրեոտոքսիկոզը կարող է բարդանալ տարբեր առողջական խնդիրներով:
Սրտային խնդիրներ
Թիրեոտոքսիկոզի ամենալուրջ բարդություններից մի քանիսը ներառում են սիրտը, այդ թվում՝
- սրտի ռիթմի խանգարում, որը կոչվում է շողացող առիթմիա և բարձրացնում է ինսուլտի ռիսկը
- կանգային սրտային անբավարարություն՝ հիվանդություն, երբ սիրտն այլևս անկարող է ապահովել օրգանիզմի պահանջներին բավարարող արյան շրջանառություն։
Փխրուն ոսկորներ
Չբուժված թիրեոտոքսիկոզը կարող է թուլացնել և փխրունացնել ոսկորները: Այս հիվանդությունը կոչվում է օստեոպորոզ: Ոսկորների ամրությունը մասամբ կախված է դրանց մեջ կալցիումի և մյուս միներալների քանակից: Վահանաձև գեղձի հորմոնների չափազանց մեծ քանակությունը դժվարացնում է կալցիումի ոսկորներ ներթափանցելը:
Տեսողության խնդիրներ
Թիրեոտոքսիկոզով որոշ մարդկանց մոտ զարգանում է թիրեոիդային աչքի հիվանդություն կոչվող խնդիրը: Այն ավելի տարածված է ծխող մարդկանց շրջանում: Այս հիվանդությունն ազդում է աչքը շրջապատող մկանների և մյուս հյուսվածքների վրա:
Թիրեոիդային աչքի հիվանդության ախտանիշները ներառում են՝
- աչքերում ծակծկոցներ կամ մռմռոցի զգացողություն
- աչքերում ճնշում կամ ցավ
- փքված կամ ետ քաշված կոպեր
- կարմրած կամ բորբոքված աչքեր
- լուսազգայունություն
- երկտեսություն։
Չբուժված մնալու դեպքում աչքի խնդիրները կարող են բերել տեսողության կորստի:
Գունափոխված, այտուցված մաշկ
Հազվադեպ Գրեյվսի հիվանդությամբ մարդկանց մոտ կարող է զարգանալ Գրեյվսի դերմոպաթիա: Սա հանգեցնում է նրան, որ մաշկը փոխում է գույնը և այտուցվում է, հաճախ՝ սրունքների և ոտքերի վրա:
Թիրեոտոքսիկ կրիզ
Այս խիստ հազվադեպ հանդիպող հիվանդությունը նաև կոչվում է թիրեոիդ փոթորիկ: Թիրեոտոքսիկոզը բարձրացնում է թիրեոտոքսիկ կրիզի ռիսկը: Այն առաջացնում է սուր, երբեմն կյանքին սպառնացող ախտանիշներ: Թիրեոտոքսիկ կրիզը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն: Ախտանիշները կարող են ներառել՝
- տենդ
- արագացած սրտազարկ
- սրտխառնոց
- փսխում
- փորլուծություն
- ջրազրկում
- շփոթվածություն
- զառանցանք (դելիրիում):
Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024