Միջազգային անվանում (հապավում). Leucocytes (WBC) (WBC)
Նկարագրություն
Լեյկոցիտներն օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան իրականացնող արյան սպիտակ գնդիկներն են:
Լեյկոցիտներն (White Blood Cells, WBC) արյան կորիզավոր սպիտակ բջիջներ են, որոնք առաջանում են կարմիր ոսկրածուծում և ավշային համակարգի օրգաններում: Այս բջիջների կենսագործունեությունը և կյանքի տևողությունը կախված է նրանից, թե որ պոպուլյացիային են պատկանում (նեյտրոֆիլներ, լիմֆոցիտներ, մոնոցիտներ, էոզինոֆիլներ կամ բազոֆիլներ): Լեյկոցիտների առանձին ձևերը գտնվում են որոշակի հարաբերակցության մեջ (այսպես կոչված՝ լեյկոցիտային բանաձև կամ լեյկոֆորմուլա), սակայն այդ հարաբերակցությունը ևս կարող է նկատելիորեն փոխվել:
Լեյկոցիտների մի մասի ցիտոպլազման պարունակում է հատիկներ, իսկ մյուս մասը չի պարունակում: Հատիկներ պարունակող լեյկոցիտները կոչվում են հատիկավոր կամ գրանուլոցիտներ (բազոֆիլներ, էոզինոֆֆիլներ, նեյտրոֆիլներ), իսկ հատիկներ չպարունակողները՝ ոչ հատիկավոր կամ ագրանուլոցիտներ (լիմֆոցիտներ, մոնոցիտներ), որոնք տարբերվում են միմյանցից ծագումով, ֆունկցիայով և արտաքին տեսքով:
Լեյկոցիտների կյանքի տևողությունը չափազանց կարճ է՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր, բացառություն են կազմում հիշողության լիմֆոցիտները, որոնք ապրում են 10-15 տարի:
Լեյկոցիտների տարբեր տեսակներ իրականացնում են տարբեր ֆունկցիաներ, ուստի լեյկոցիտների քանակության փոփոխություն գրանցելիս (ինչպես շատացումն, այնպես էլ կրճատումը) կարևոր է նաև լեյկոֆորմուլայի հետազոտությունը՝ ճշտելու, թե լեյկոցիտների որ տեսակը կամ տեսակներն են պատասխանատու դիտարկված շեղման համար: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել նաև այն, որ բազմաթիվ հիվանդությունների ժամանակ լեյկոֆորմուլայի շեղումները դառնում են ոչ սպեցիֆիկ, քանի որ տարբեր հիվանդությունների դեպքում կարող են դրսևորվել միանման շեղումներ:
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել նաև, որ լեյկոցիտների տարբեր տեսակների քանակական շեղումները կարող են լինել ինչպես բացարձակ (փոփոխվում է տվյալ պոպուլյացիայի լեյկոցիտների բացարձակ թիվը), այնպես էլ հարաբերական (փոփոխվում են լեյկոցիտների տարբեր պոպուլյացիաների թվաքանակի տոկոսային մասնաբաժինները):
Եթե լեյկոցիտների քանակը 9000-ից ավելի է, կոչվում է լեյկոցիտոզ, իսկ 4000-ից պակասը՝ լեյկոպենիա: Նշված փոփոխությունները, որպես ախտաբանական գործընթացի վկայություն կարելի է դիտել միայն օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ կապված, քանի որ թե՛ լեյկոցիտոզը, թե՛ լեյկոպենիան կարող են նկատվել նաև առողջ օրգանիզմում:
Առողջ մարդկանց օրգանիզմում լեյկոպենիա կարող է նկատվել տաք լոգանքներից, բաղնիքից հետո, մարզիկների և պարբերաբար ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողների մոտ: Այսպես կոչված ֆիզիոլոգիական լեյկոցիտոզ կարող է լինել ուտելուց հետո, գերսառեցման, անսովոր ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ: Լեյկոցիտների քանակը կարող է ավելանալ նաև հղիության երկրորդ կեսում ինչպես նաև ֆիզիոլոգիական այլ փոփոխությունների դեպքում:
Ախտաբանական լեյկոցիտոզը, որն առաջանում է որպես օրգանիզմի պաշտպանական միջոց-հակազդեցություն, զարգանում է բորբոքումների, հյուսվածքների մեռուկացման (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտ), արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ: Լեյկոցիտոզը հաճախ ուղեկցում է նաև տարբեր ալերգիկ հիվանդություններին:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- պլանային կանխարգելիչ հետազոտություն
- հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
- վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
- հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն
Կենսանմուշ
WBC թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
109 բջիջ/լ (միլիարդ հատ 1 լիտրում)
Այլընտրանքային չափման միավոր
103 բջիջ/մկլ (հազար հատ 1 միկրոլիտրում)
Միավորների փոխակերպում
109/լ = 103/մկլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- չափահասներ՝ 4,0-10,0 x 109/լ
- երեխաներ՝ մինչև 12,0 x 109/լ
- նորածիններ՝ մինչև 15,0 x 109/լ
Այլընտրանքային միջակայքեր
WBC, 109 բջիջ/լիտր | Տարիք |
1-15 օր. | 5 - 15 |
15 օր. - 12 ամս. | 4 - 10 |
12 ամս. - 2 տ. | 3 - 10 |
2-15 տ. | 3 - 9 |
≥ 15 տ. | 3 - 11 |
Արդյունքների մեկնաբանություն
Լեյկոցիտների թվաքանակի բարձրացում (լեկյոցիտոզ)
- ֆիզիոլոգիական լեյկոցիտոզ (հուզական և ֆիզիկական լարվածություն, արևի ճառագայթների, ցրտի ազդեցություն, սննդի ընդունում, հղիություն, դաշտանային ցիկլ)
- բորբոքումներ
- վիրուսային և բակտերիալ վարակներ
- վիճակ կրած վիրահատական միջամտությունից հետո
- ինտոքսիկացիաներ
- այրվածքներ և վնասվածքներ
- ներքին օրգանների ինֆարկտներ
- չարորակ նորագոյացություններ
- հեմոբլաստոզներ
Լեյկոցիտների թվաքանակի նվազեցում (լեյկոպենիա)
- վիրուսային և որոշ քրոնիկ վարակներ
- աուտոիմուն հիվանդություններ
- իոնիզացնող ճառագայթման ազդեցություն
- հյուծում և կախեքսիա
- անեմիաներ
- սպլենոմեգալիա
- հեմոբլաստոզներ
- որոշ դեղերի ընդունում՝ հակաբիոտիկներ, ցիտոստատիկներ, ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ, թիրեոստատիկներ և այլն
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 01-06-2023