Skip to main content

Սուր սինուսիտի դեպքերի մեծ մասն ինքնուրույն ​լավանում է:

Ինքնաբուժման միջոցները սովորաբար այն ամենն է, ինչ ձեզ հարկավոր է ախտանիշները թեթևացնելու համար:

Ախտանիշների մեղմացման բուժումներ

Բժիշկը կարող է խորհուրդ տալ սինուսիտի ախտանիշները թեթևացնող տարբեր բուժումներ:

  • Քթային աղային սփրեյ, որը դուք օրը մի քանի անգամ ցողում եք ձեր քթի մեջ՝ քթային անցուղիները ողողելու համար:
  • Քթային կորտիկոստերոիդներ. այս քթային սփրեյներն օգնում են բորբոքման կանխարգելմանը և բուժմանը: Օրինակներից են՝ Ֆլուտիկազոն (Ֆլոնազի տարատեսակներ և այլն), Բուդեսոնիդ (Ռինոկորտ ալերգիա), Մոմետազոն (Նազոնեքս) և Բեկլոմեթազոն (Բեկոնազ AQ, Քնազլ և այլն):
  • Դեկոնգեստանտներ. այս դեղերը հասանելի են առանց դեղատոմսի և դեղատոմսով՝ որպես հեղուկներ, հաբեր և քթային սփրեյներ: Քթային դեկոնգեստանտներն օգտագործեք ընդամենը մի քանի օր, հակառակ դեպքում դրանք կարող են առաջացնել ավելի ուժեղ քթի փակվածության վերադարձ (հետադարձ փակվածություն):
  • Ալերգիայի դեղամիջոցներ. եթե ձեր սինուսիտը պայմանավորված է ալերգիայով, ապա ալերգիայի դեմ դեղամիջոցների օգտագործումը կարող է օգնել սինուսիտի ախտանիշների մեղմացմանը:
  • Դեղատոմս չպահանջող ցավազրկողներ. Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Ասպիրինը կարող են օգտագործվել ուժեղ դիմային ցավերի դեպքում մեղմացնելու համար: Զգույշ եղեք, եթե Ասպիրին եք տալիս երեխաներին կամ դեռահասներին: Չնայած Ասպիրինը հաստատված է 3 տարեկանից բարձր երեխաների օգտագործման համար, ջրծաղիկից կամ գրիպանման ախտանիշներից լավացող երեխաները և դեռահասները երբեք չպետք է Ասպիրին ընդունեն: Դա պայմանավորված է նրանով, որ Ասպիրինը կապված է Ռեյի համախտանիշի հետ, որը նման երեխաների մոտ խիստ հազվադեպ հանդիպող, սակայն պոտենցիալ կյանքին սպառնացող վիճակ է:

Հակաբիոտիկներ

Սուր սինուսիտի բուժման համար սովորաբար հակաբիոտիկներ չեն նշանակվում, քանի որ բորբոքման պատճառը հիմնականում վիրուսն է և ոչ բակտերիան: Նույնիսկ եթե ձեր սուր սինուսիտը բակտերիալ է, այն կարող է լավանալ առանց բուժման: Նախքան հակաբիոտիկներ նշանակելը ձեր բժիշկը կարող է սպասել և հետևել՝ տեսնելու, թե արդյոք ձեր սուր սինուսիտը վատթարանում է:

Այնուամենայնիվ, ծանր, հարաճուն կամ կայուն ախտանիշները կարող են պահանջել հակաբիոտիկներ: Եթե ձեր բժիշկը հակաբիոտիկ է նշանակում, հոգ տարեք, որ անցնեք բուժման ամբողջ կուրսը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ձեր ախտանիշները թեթևանան: Եթե դուք վաղաժամ դադարեցնեք հակաբիոտիկների օգտագործումը, ձեր ախտանիշները կարող են վերսկսվել:

Իմունոթերապիա

Եթե ալերգիաները նպաստում են ձեր սինուսիտին, ապա այսպես կոչված ալերգիայի ներարկումները (իմունոթերապիա) կարող են օգնել տվյալ ալերգենի նկատմամբ օրգանիզմի ռեակցիայի նվազեցմանը և հիվանդության ախտանիշների մեղմացմանը:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024